Հրապարակվեցին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ընտրանքային հարցման հինգերորդ շրջափուլի արդյունքները

Image

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:Հուլիսի 28-ին կայացել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) կողմից 2008թ.-ին անցկացված ընտրանքային հետազոտության շնորհանդեսը: Թվով հինգերորդ այս հետազոտությամբ հարցվել են Հարավկովկասյան երկրներում պատահականորեն ընտրված շուրջ 6 հազար տնային տնտեսությունների չափահաս անդամներ, որոնք պատասխանել են ավելի քան 140 հարցերի:

ՀՌԿԿ տվյալների հավաքագրման այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս զուգահեռներ անցկացնելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացումների, ինչպես նաեւ այդ հանրապետությունների գյուղական ու քաղաքային վայրերի զարգացումների միջեւ:

2008թ.-ի ուշ աշնանը հավաքագրված տվյալներից բացահայտվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը հարավկովկասյան երկրների, մասնավորապես Հայաստանի տնային տնտեսությունների վրա: Թեեւ Հայաստանում ռեսպոնդենտների մոտ 57%-ը իրենց տնային տնտեսության կացությունը այլ տնային տնտեսությունների մեծ մասի համեմատությամբ համարում է բավարար, հարցվածների 30%-ը նշել է, որ իրենց ունեցած միջոցները բավարար չեն սննդի համար (Ադրբեջանում` 15%-ը, Վրաստանում` 22%-ը), 37%-ը (Ադրբեջանում` 33%-ը, Վրաստանում` 39%-ը) համարում է, որ միջոցները բավարար են սննդի, բայց ոչ հագուստի համար: Երկարաժամկետ օգտագործման թանկարժեք ապրանքներ եւ ցանկացած ամեն ինչ կարող են գնել Հայաստանի տնտեսությունների միայն 5%-ը (Ադրբեջանի` 10%-ը, Վրաստանի` 7%-ը):

Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը (70%) կարծում է, որ պետությունը պետք է ծնողի նման հոգ տանի մարդկանց մասին, մինչդեռ Վրաստանում հարցվածների համարյա կեսը (48%-ը) համարում է, որ պետությունը վարձու աշխատողի նման է եւ մարդիկ պետք է վերահսկեն պետությանը:

Ազգային քաղաքականությանը վերաբերող հարցերը բացահայտել են հանրային կարծիքի ու ակնկալիքների հակասական տարուղղվածությունը. Հայաստանում 2008թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերին հարցվածների համարյա կեսը հայտնել են, որ բնավ կամ համարյա չեն հետաքրքրվում ազգային քաղաքականությամբ: Ավելին, միայն 23%-ն է ազգային քաղաքականության զարգացման ուղղությունը սխալ համարել, մինչդեռ այն ճիշտ է համարել մոտ 30%-ը: ՀՀ նախագահին վստահում է 2008թ.-ին հարցվածների 49%-ը (2007-ին` 42%-ը), Ազգային Ժողովը վայելում է միայն յուրաքանչյուր չորրորդի (2007-ին` 19%-ի), իսկ կառավարությունը` 38%-ի (2007-ին` 27%-ի) վստահությունը: Վստահության մակարդակը համարյա բոլոր սոցիալ-քաղաքական հաստատությունների նկատմամբ 2008թ.-ին ավելի բարձր է եղել, քան նախորդ տարի:

2008թ.-ին Հայաստանում հարցվածների 17%-ը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից` այլ վայրում մշտապես բնակվելու համար, իսկ 48%-ը կմեկներ ժամանակավորապես բնակվելու համար

Advertisements
%d bloggers like this: