Հետազոտական ռեսուրսները` համագործակցության հիմք

Քննարկում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Քննարկում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց Նյու-Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Դիանա Արսենիանին, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների-Հայաստան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանին և Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանին: Հյուրերը նախարարին ներկայացրին վերջին շրջանում իրենց կազմակերպությունների իրականացրած ծրագրերը, մասնավորապես, ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի աշխատանքները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է, որի նպատակն է` խթանել հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի գործակցությամբ գործող ՀՌԿԿ-Հայաստանը նպատակ ունի ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը, զարգացնելու հետազոտական կարողությունները և ընդլայնելու տեղացի հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսության ու համագործակցության եզրերը:
Նախարար Ա. Աշոտյանը, ընդգծելով ժամանակակից հետազոտությունների նշանակությունը կառավարման համակարգում, նշեց. «Տեղեկատվական հոսքերի բազմազանության մեջ այսօր կարևոր են այն գիտական հետազոտությունները, որոնք միտված են գիտելիքի կառավարմանը: Նախարարությունը խնդիր ունի պետական ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև կրթության ոլորտում թռիչքային զարգացում արձանագրած պետությունների փորձի ուսումնասիրության, որում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»: Մասնակիցները քննարկեցին այլ բուհերում ևս նման հետազոտական կենտրոնների ստեղծման խնդիրները:

Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում է համաժողով անցկացնել ՀՀ կրթական ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների և այլ գործընկերների մասնակցությամբ` ծրագերի արդյունավետության գնահատման և հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

 

 

Advertisements
%d bloggers like this: