Լուսանկարչությունը հանուն փոփոխության

bravo.am

Այս շաբաթ` սեպտեմբերի 25-ին, Սիրահարների այգում կբացվի “Լուսանկարչությունը հանուն փոփոխության” խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից այցելուներին կներկայացվեն հայ եւ վրացի լուսանկարիչների սիրողական եւ պրոֆեսիոնալ աշխատանքները որեւէ հիմնախնդրի թեմայով, ինչպես նաեւ վրացի ներկայացուցչի կողմից հենց Վրաստանից բերված վրացական ավանդական քաղցրավենիքների հյուրասիրություն կլինի:

Իրականացնողները հայ եւ վրացի երիտասարդներն են` “Getting Involved 2010” ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորում են Եվրասիա համագործակցության հիմնադրամն ու Teodor Heuss Kolleg և MitOst կազմակերպությունները: Ծրագրի ղեկավար Մարինա Ղազարյանը նշում է` նպատակ ունեն հայ եւ վրացի հասարակությանը համախմբել մեկ գաղափարի շուրջ: “Որոշել ենք լուսանկարների միջոցով մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել հիմնախնդիրների վրա: Ամեն օր տեսնում ենք դրանք, բայց շատ հաճախ աչք փակում ու առաջ անցնում: Լուսանկարչությունը ունիկալ մեթոդ է արհեստականորեն մարդու ուշադրությունը սեւեռելու մի իրավիճակի վրա”:

Կազմակերպիչները հույս չունեն, որ լուսանկարները տեսնելուց հետո “մարդիկ սարեր, ձորեր կփոխեն”. “Բայց գոնե կսկսեն մտածել խնդրի վերաբերյալ: Եթե բոլորս կարծենք, որ ոչինչ չենք կարող փոխել, նշանակում է` ուղղակի նստել աթոռին ու սպասել` երբ է գալու վերջը: Երիտասարդներ ենք, գլոբալ բաներ կազմակերպելու հնարավորություն չունենք, փոքր բաների շուրջ էլ համախմբվենք, նշանակում է` քայլ ենք անում դեպի փոփոխությունը: Գուցե որեւէ լուսանկար ծրագիր իրականացնելու միտք կտա ներկաներից մեկին”,- ասաց Մարինա Ղազարյանը:

Լուսանկարչությունը հանուն փոփոխության” ծրագիրը որեւէ հիմնախնդիր ներկայացնող երկու հարյուրից ավել լուսանկարի հայտ է ստացել: Մասնակցել են հիմնականում սիրողական լուսանկարիչները, հայերն ու վրացիները ամենաշատը լքվածության խնդրին են անդրադարձել: “Եթե ամեն մեկն իր բակը նկարի, դա արդեն բավական կլինի աղբահանության, էկոլոգիական խնդիրներին անդրադառնալու համար: Աղքատության, մուրացկանության թեմային անդրադարձ կա, միայնակ տարեցներին են շատ լուսանկարել, վրացիները որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց են ներկայացրել”,- նշեց ծրագրի ղեկավարը:

Լավագույն լուսանկարը ընտրելու է հանդիսատեսը, բոլոր մասնակիցները պատվոգիր կստանան, տպավորությունների գիրք է լինելու, ուր կարող ես գրանցել լուսանկարների վերաբերյալ քո կարծիքը: Հոկտեմբերի 2-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Թբիլիսիում գտնվող Շարդեն այգի, լուսանկարները կներկայացվեն նաեւ Գյումրիում եւ Մարտունիում: Ի դեպ, ամեն քաղաք իր հաղթող նկարը կունենա: Կազմակերպիչները կոչ են անում. “Միավորվենք հանուն փոփոխության, գուցե այս աշխարհում մի բան փոխվի”:

Advertisements
%d bloggers like this: