ԵՀՀ դրամաշնորհային նոր փուլերի և որոշումներ կայացնելու մասին

Հարցազրույց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ

Image– Գևորգ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) որոշակի դադարից հետո վերսկսեց բաց դռների մեխանիզմով դրամաշնորհներ տրամադրել հայաստանյան ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև անհատներին: Խնդրեմ մեր շահառուներին ներկայացրեք, թե ինչ ծրագրեր են դրանք, ինչպես և ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում, և ինչպես են կայացվում նախագիծ ֆինանսավորելու որոշումները:

Անդրադառնալով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» (ԱՐՄ) ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհներին, ասեմ, որ «Նոր բովանդակություն` նոր տեխնոլոգիաների միջոցով» նախագծերի համար հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպություններին և անհատներին հատկացվել է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվում է Ինտերնյուզ Նեթուորք վաշինգտոնյան կազմակերպության գլխավորությամբ, Ինտերնյուզ մամուլի աջակցության ՀԿ (Հայաստան), Երևանի մամուլի ակումբի և ԵՀՀ-ի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Այս ծրագրի բոլոր ռազմավարական որոշումները, այդ թվում նաև դրամաշնորհային հայտերի գնահատումը և հատկացումը, կայացվում են նշված չորս կազմակերպությունների կողմից: Որպես դրամաշնորհային ծրագրերի մրցույթի ժյուրիի անդամ այս չորս կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հրավիրվել են նաև անկախ փորձագետներ:

Բաց դռների մեխանիզմով փոքր դրամաշնորհների համար է նախատեսված նաև Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության կողմից ԵՀՀ-ին տրամադրված մեծ դրամաշնորհի մի մասը: Այս ծրագրի շրջանակներում թեմատիկ սահմանափակումներ չկան, բացի ԵՀՀ մանդատից դուրս գտնվող թեմաները և գործողությունները: Դրամաշնորհ հատկացնելու կարգը համապատասխանում է ԵՀՀ ներքին ընթացակարգին, և որոշումները կայացվում են ԵՀՀ խորհրդատվական կոմիտեի կողմից:

Երրորդ աղբյուրը, որից ԵՀՀ-ն դրամաշնորհներ է հատկացնելու այս տարի, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրն է: Ծրագիրն իրագործվում է ԵՀՀ-ի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության կողմից: Որոշումները կայացվում են այս քառակողմ համագործակցության ներկայացուցիչների կողմից, գումարած մեկ փորձագետ Թուրքիայից՝ Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի ներկայացուցիչ պարոն Նոյան Սոյակը:

– Գևորգ, ոմանք դժգոհ են այլընտրանքային մեդիայի մրցույթից: Կասկածում են որոշումների արդարությանը, գանգատվում թափանցիկության պակասից: Ցանկացած մրցույթ անհիմն քննադատության կարող է ենթարկվել, այնումենայնիվ, խնդրում եմ որոշ մանրանասներ հաղորդեք նախագծերի ընտրության և ֆինանսավորման մասին:

ԵՀՀ-ն ի սկզբանե աշխատել և աշխատում է հստակ կանոնակարգի հիման վրա, 500 ԱՄՆ դոլարից ավելի ցանկացած ծախս մենք անում ենք մրցույթի հիման վրա, իսկ դրամաշնորհային հատկացումները՝ ժյուրիների մեխանիզմով: Եվ դա վերաբերում է ոչ միայն պետական դոնորներից, այսինքն՝ որևէ պետության հարկատուներից ստացված գումարներին, այլև ցանկացած` նույնիսկ մասնավոր դոնորների տրամադրած գումարին: Եվ եթե նույնիսկ դոնորները խստապահանջ չլինեն ծախսման կանոնակարգերի հարցում, մեր ներքին կանոնակարգն է կառուցված թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներին համապատասխան:

Հիմա կոնկրետ փաստերը. «Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» մրցույթի առաջին փուլում ստացված 82 հայտերից երկրորդ փուլ հրավիրվեց 36 լավագույն հայտ:

– Ինչպե՞ս են որոշվել լավագույնները

Որոշակի` նախօրոք հրապարակված չափանիշների հիման վրա կատարվել է ամեն մի հայտի վերլուծություն և գրավոր գնահատում` ԵՀՀ-ի, Ինտերնյուզի, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչների, ինչպես նաև հրավիրված անկախ փորձագետների կողմից: Օրինակ՝ արդյոք, փորձագետի կարծիքով, գաղափարն իր խոստացած արդյունքին կբերի, թե ոչ (ինչքանով է դա հավանական), արդյոք նորարարական է, թե ոչ, արդյունքը հարատև կլինի, թե ոչ: Հետո փորձագետները քննարկել և կոնսենսուսով որոշումներ են կայացրել առաջարկվող ամեն նախագծի ֆինանսավորման վերաբերյալ:

– Ասացիք, որ 36 հայտ անցավ երկրորդ փուլ, սակայն ֆինանսավորվելու են դրանցից 14-ը. Ինչու՞:

Առաջին փուլում մենք խնդրում ենք հայտի կարճ և պարզ ձևը լրացնել, որ տեսնենք, արդյոք դիմողի գաղափարը համապատասխանում է մեր ակնկալիքներին, թե ոչ: Եթե հանձնաժողովը որոշում է, որ կարճ հայտը խոստումնալից է՝ խնդրում է ներկայացնել երկար, մանրամասն հայտը, մի շարք փաստաթղթերով: Սա չի նշանակում, որ երկար հայտ ներկայացնելու հրավիրվածն անպայման դրամաշնորհ է ստանալու, բայց նշանակում է, որ ներկայացված գաղափարը հետաքրքիր էր և խոստումնալից՝ հանձնաժողովի կարծիքով:

Մենք հրավիրեցինք այդ 36 հայտերը ներկայացնողներին և հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկեցինք, թե ինչ սպասելիքներ ունենք նրանց լիածավալ հայտերից: Ընդգծվեց, որ երկրորդ փուլ հայտերը ներկայացնելը չի նշանակում, որ ներկայացնողն ավտոմատ կեպով կֆինանսավորվի: Երկրորդ փուլ անցած դիմորդներից երեքը, դա հաշվի առնելով, որոշեցին չդիմել:

Երկրորդ փուլի մրցույթում ևս հանձնաժողովը գրավոր գնահատեց հայտերը, հավաքվեց և ընդհանուր քննարկման ընթացքում ընտրեց 14-ը:

Այս խմբի մեջ չմտան համեմատաբար թույլ ծրագրերը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուժեղ են, բայց կամ կա շանս, որ ուրիշ տեղից կֆինանսավորվեն, կամ ավելի շուտ քաղաքացիական հասարակության զարգացմանն են ուղղված, քան թե ԶԼՄ-ների զարգացմանը:

Արդյունքում ունեցանք 14 շահող նախագիծ, որոնք որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո կֆինանսավորվեն:

– Այս փոփոխությունները ենթադրում են բյուջեների կրճատումներ: Շատերն ասում են, որ ավելի նպատակահարմար էր ֆինանսավորել 10 ծրագիր լիովին, քան 14-ը՝ կրճատելով բյուջեները և նախագծով նախատեսված գործողությունները:

Փաստորեն ունենք դժգոհներ՝ որ իրենց չենք ֆինանսավորել, և դժգոհներ՝ որ իրենց գոնե ինչ-որ չափով ֆինանսավորել ենք: Ինձ հաճելի էր նախագծերը կարդալ, որովհետև երկրորդ փուլին ներկայացված հայտերում հիմնականում հաշվի էին առնվել առաջին փուլից հետո մեր խորհուրդները՝ ընդգծել նորարարությունը, կարևոր, սլացիկ, ավարտուն ծրագրեր առաջարկել: Մյուս կողմից էլ ասեմ՝ միմյանց նման նախագծերը շատ էին, և ժյուրին առանձնապես տպավորված չէր նախագծերում առաջադրվող նորարարության մակարդակով: Բավական դժվար էր երբեմն նույնանման ծրագրերի միջև ընտրություն կատարել: Իհարկե, ամեն ընտրություն մարդկանց կողմից է արվում, կատարելություն չկա, բայց ժյուրիի բոլոր անդամները միասին՝ բավական ներկայացուցչական խումբ էր, նրանց քննարկման արդյունքում որոշակի օբյեկտիվ պատկեր էր ստեղծվում: Ամենագլխավորը՝ ժյուրիի ոչ մի անդամ որևէ հայտի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չուներ:

Եթե մեր շահողներն ու չշահողները միմյանց հետ շփվեն՝ պարզ կդառնա, որ աշխատել ենք ֆինանսավորել ինչքան կարելի է բազմազան ծրագրեր ու խմբեր: Հաղթողների մեջ կան տարբեր տեխնոլոգիայի ԶԼՄ-ների հետ աշխատողներ, տարբեր քաղաքական նախասիրությունների տեր, տարբեր ժանրերի ծրագիր իրականացնող, և՛ ՀԿ, և՛ ԶԼՄ, և՛ անհատ, և՛ մայրաքաղաքից, և՛ շրջաններից, և՛ փորձված, և՛ նորեկ: Որովհետև համոզված ենք՝ ինչքան շատ ու բազմազան կազմակերպություն կամ անհատ մասնակցեց՝ այնքան լավ:

Բայց բյուջեների կրճատումներն ավտոմատ կերպով չեն կատարվում: Չի կարող լինել այնպիսի դեպք, որ նախագծում փոփոխություններ կատարվեն առանց դիմորդի հետ համաձայնեցնելու: Հետո. հենց սկզբից ասված էր, որ այս դրամաշնորհները, և ընդհանրապես ԵՀՀ դրամաշնորհները, ապրուստի ու գոյատևման միջոց չեն: Գիտեմ, գոյատևելը դժվար է, և մեզ համար ազատ ԶԼՄ-ների գոյությունն ու գոյատևումն առաջնայնություն է, բայց այս դրամաշնորհները պիտի նորարարություն առաջարկեին, և դա բազմիցս ընդգծվել է: Սրանք այլընտրանքային (ալտերնատիվ) ԶԼՄ-ների մասին են, իսկ ալտերնատիվ կարող է լինել ինչպես տեխնոլոգիան, կրիչը (ասենք՝ բլոգ), այնպես էլ բովանդակությունն ու ժանրը (օրինակ՝ սատիրա): Շատ կարևոր է, որ առաջարկները նորարարական լինեն: Օրինակ՝ եթե ուսուցողական դասընթաց (տրենինգ) են առաջարկում, իսկ ինչ-որ մեկը նույն բանն արդեն անում է, մենք առաջարկել ենք դա կրճատել, համագործակցել միմյանց հետ, ևն: Վերջապես՝ մեր փորձագետները (էքսպերտները) լայն մտահայեցողութուն ունեցող պրոֆեսիոնալներ են, և որևէ ծրագրի գործողությունները փոփոխելու նրանց առաջարկները գալիս են ծրագրի ռազմավարությունը լավ պատկերացնելուց: Այս ծրագրերը դոնորի և դրամաշնորհառուի միջև նոր հարաբերությունների օրինակ են՝ այստեղ մենք հանդես ենք գալիս ավելի շուտ որպես գործընկեր, այլ ոչ միայն հաշվետվություն պահանջող դոնոր: ԱՐՄ ծրագիրը սերտորեն աշխատելու է բոլոր դրամաշնորհառուների հետ դրամաշնորհի ամբողջ ընթացքում:

Մենք բոլորս այս ծրագրերն իրագործելուց շատ բան կսովորենք նաև միմյանցից, շահողների խմբի համատեղ հանդիպումներ են նախատեսվում, որ ձևավորվի լիարժեք ցանց: Իսկ իրականում այդ ցանցը բոլոր դիմողներն են՝ շահողներն ու չշահողները: Ես եթե գրանտ չեմ շահում՝ եթե բարեկամ կազմակերպությունն է շահել՝ անկեղծ ուրախանում եմ:

– Ի՞նչ հնարավորություն կա տեսնելու, թե ինչպե՛ս են բաշխված լինելու գումարները, ինչպե՛ս է ծախսվելու այս ֆոնդը

Բոլոր շահած դիմողների անուններն արդեն հրապարակված են մեր կայքում: Երբ վերջնական համաձայնության կհասնենք բոլոր դրամաշնորհառուների հետ և պայմանագրերը կնքված կլինեն՝ կհրապարակենք նաև դրամաշնորհներից յուրաքանչյուրի գումարը և ցանկացած ոք կկարողանա տեսնել, որ բոլոր նախագծերի ընդհանուր գումարը կազմելու է 200 հազար ԱՄՆ դոլարից ոչ պակաս:

Ամեն դեպքում, ես համարում եմ, որ չշահած նախագիծը չի կորչում: Դա կարևոր փորձ է: Մենք ապրում ենք նախագծերի դարաշրջանում, և լավ նախագիծ գրել, իրագործել կարողանալն այսօրվա մարդու կենտրոնական հմտություններից մեկն է:

Նրանց, ովքեր չեն հաղթել մրցույթում՝ ևս մի հորդոր. այսպիսի ևս երեք մրցույթ է լինելու առաջիկա 3 տարվա մեջ, հաջորդը՝ այս աշնանը:

– Վերջում կարո՞ղ եք ավելի մանրամանս բացատրել ԵՀՀ նոր «դրամաշնորհային փիլիսոփայությունը»

Դրամաշնորհներ հատկացնելու մեր դադարը պայմանավորված էր նրանով, որ Վաշինգտոնում գրանցված «Եվրասիա հիմնադրամի» հայաստանյան ներկայացուցչությունը 2007-ին «տեղայնացվեց» և դարձավ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ` Հայաստանում գրանցված տեղական հասարակական կազմակերպություն: Փոփոխության ենթարկվեցին թե՛ ԵՀՀ ռազմավարությունը, թե՛ ֆինանսավորման աղբյուրները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 5-ամյա դրամաշնորհը վաշինգտոնյան «Եվրասիա հիմնադրամին» ավարտին մոտեցավ, և մենք կանգնեցինք այլ աղբյուրներից գումարներ հայթայթելու և ինքնուրույն ծրագրեր իրականացնելու կարիքի առջև:

Նոր պայմաններում ԵՀՀ-ն պահպանեց դրամաշնորհներ տրամադրելու ֆունկցիան, որպես որոշակի ծրագրեր և ռազմավարություններ իրականացնելու մեխանիզմ: Այժմ, ԵՀՀ-ն այլ դոնոր կազմակերպությունների դիմելիս, եթե կա նման հնարավորություն, տեղական կազմակերպությունների համար նախատեսված դրամաշնորհային տարր/կոմպոնենտ է ներառնում իր ծրագրերի մեջ:

Երբ դրամաշնորհ ենք տալիս՝ աջակցում ենք գաղափարին, համարում ենք, որ այն լավն է, արժի, որ իրագործվի, ու հավանական է, որ կիրագործվի, եթե աջակցենք: Մենք, ըստ էության, մոդելավորում և փոքր մասշտաբով իրագործում ենք «Գաղափարների ազատ շուկա» հասկացությունը միջոցների սղության պայմաններում: Ապրանքը կարող է և դուր գալ այցելուին, բայց չգնվել: Սուղ միջոցներ ունեցողն ի վերջո պիտի կտրուկ ընտրություն կատարի:

Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ենք ստեղծում, մեր կազմակերպության և դոնորների շնորհիվ (որոնք հասկանում են մեր նորարար մոտեցումները), աջակցելու նոր գաղափարների գոնե այս մասշտաբով, մեր ունեցած միջոցների չափով. շա՞տ կա այդպիսի հնարավորություն մեր կյանքում, առօրյայում: Շա՞տ են «գաղափար գնում» այսօր Հայաստանում: Սովորաբար աշխարհի մասշտաբով 1000 լավ գաղափարից մեկն է իրագործվում, իսկ եթե գաղափարների շատ որակյալ «վաճառող» է՝ 5-ից 2-ը կամ 3-ը արդեն շատ լավ հաշիվ է, ուրեմն մեր հաշիվը՝ 36-ից 14-ը, այնքան էլ վատ չէ:

Ուզում եմ կրկնել. մեր տված դրամաշնորհն ապրուստի միջոց չէ, այլ գաղափարն իրագործելու միջոց, այն սովորաբար փոքր է, սահմանափակ, և շատ աշխատանք է պահանջում: Խոշոր կազմակերպությունները պիտի այլ միջոցներ փնտրեն: Դրամաշնորհի չափի փոքրացումը, ինչպես նաև դրանց հատկացվող ընդհանուր գումարների սահմանափակումը տենդենց է, ինչպես և, ասենք, դոնոր-դրամաշնորհառու հարաբերությունների սերտացումը: ԵՀՀ-ն, որ նույնպես դրամաշնորհներով գոյություն ունի, ամեն ինչ անում է, որ պահպանի փոքր դրամաշնորհներ տալու իր կարողությունը, աշխատում է օրնիբուն դրա համար, և խոշոր դոնորներին համոզելը, որ փոքր դրամաշնորհների գումարներ հատկացնեն՝ հեշտ չէ: Դրամաշնորհ տալը մեր պարտավորությունը չէ. մենք ձգտում ենք պահպանել այդ հնարավորությունը, որովհետև դա մեր ռազմավարական նպատակն է՝ ինչքան էլ դժվար լինի՝ աշխատել ցանցային մեթոդներով, բազմակողմանի համագործակցությունների համակարգերում, բազում կազմակերպությունների հետ, որ նրանց ու մեր գործն ու գաղափարները միմյանց սնուցեն, հարստացնեն, որ ամբողջի էֆեկտն ավելի մեծ լինի, քան առանձին մասերինը, որ քաղաքացիական հասարակությունը, մեդիան ուժեղ ու կարող լինեն, որ մեր կյանքում իրական, շոշափելի առաջխաղացում լինի:

Իմ ամենամեծ սպասումն այն է՝ որ տարվա վերջում մենք կունենանք ԶԼՄ-ների ասպարեզում իրագործված ևս 14 հոյակապ ծրագիր, իսկ եթե մեր բոլոր ուղղությունները հաշվի առնենք՝ մի 30-35 հոյակապ ծրագիր՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման ասպարեզում, և դրանով առաջ կտանենք երկրի զարգացումը, գոնե մի քիչ կասեցնելով բացասական զարգացումները, և նախագիծ իրականացնողների նոր սերունդներ ներգրավելով ակտիվ հասարակական կյանք:

Զրուցեց Իզաբելլա Սարգսյանը

g.ter-gabrielyan_interview

Advertisements
%d bloggers like this: