Հարցվողների 54%-ը կարծում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ներն ավելի օբյեկտիվ են ու վստահելի

Mediamax.am

Photo: Photolure ԵրեւանՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների համաձայն, Հայաստանում հարցվածների 54%-ի կարծիքով էլեկտրոնային լրատվամիջոցներն ավելի օբյեկտիվ են ու վստահելի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՌԿԿ-Հայաստան ծրագրի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասել է, որ “ի դեմս էլեկտրոնային լրատվամիջոցների`ավանդական լրատվամիջոցներն ունեն լուրջ մրցակից”:

Նրա խոսքերով, համացանցից օգտվող հարցվածների մեծ մասի կարծիքով, առցանց հրապարակումներն ու սոցիալական ցանցային կայքերը ավելի անկախ են եւ քիչ են ենթարկվում կառավարության եւ գործարար ոլորտի վերահսկողությանը:

Հետազոտության տվյալների համաձայն` հարցման մասնակիցները օրեկան հեռուստացույց են դիտում միջինը 4 ժամ, իսկ համացանցից օգտվում են մոտ 3 ժամ:

Համացանցից օգտվողների 65%-ն այցելում է սոցիալական կայքեր, իսկ առցանց նորություններին հետեւում է օգտվողների 36%-ը:

Հարցումն իրականացվել է 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի քաղաքային եւ գյուղական բնակավայրերի 1400 տնային տնտեսություններում:

Advertisements
%d bloggers like this: