Ռեանիմանիա. Մեծ օգնություն հայ անիմատորների համար

ArmRadio

Այսօր Մոսկվա կինոթատրոնում կմեկնարկի ՌեԱնիմանիա 3-րդ միջազգային փառատոնը: Այն նվիրված է անկախության 20-ամյակին և մինչև սեպտեմբերի 19-ը շարունակվելու է 20-ամյա անկախ անիմացիա կարգախոսի ներքո: Այսօր կցուցադրվի 5 ֆիլմ: Փառատոնի շրջանակներում Եվրասիա համագործակցության հիմնադրամը արհեստավարժության դասընթացներ կանցկացնի հայ և թուրք անիմատորների մասնակցությամբ` համոզված լինելով, որ մուլտերի լեզվով հնարավոր է երկխոսության եզրեր գտնել: Մինչ փառատոնի պաշտոնական բացումը կազմակերպիչներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

5 տարի առաջ ընդամենը գաղափար, այսօր արդեն ծննդյան 3-րդ տարին նշող Ռեանիմանիա միջազգային փառատոնի շրջանակներում այսօրվանից մինչև սեպտեմբերի 19-ը կցուցադրվի շուրջ 125 ֆիլմ` աշխարհի մոտ 40 երիկրից: Ստացված հայտերն ավելի շատ էին` շուրջ 320, մեծացել է նաև մասնակիցների աշխարհագրությունը, ասում է Ռեանիմացիայի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Արդեն երրորդ տարին փառատոնն իրականացվում է Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և արդեն հասցրել է իր ուրույն տեղը գրավել մայրաքաղաքի մշակութային կյանքում, ասում է մշակույթի նախարարության կինոյի և ժամանակակից արվեստների վարչության պետը` Սոնա Հարությունյանը:

Ֆիլմերի ցուցադրություններից, պրեմիերաներից բացի սպասվում են նաև սեմինարներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր: Այդպիսի մի դաս էլ հայ և թուրք անիմատորների համար կանցկացնի փորձագետ Մքաս Հաուորդը: Առաջին անգամ թուրք անիմատորների մասնակցությունը միջազգային այս փառատոնին օգնել է ապահովել Եվրասիա համագործակցության հիմնադրամը:

Վերջինի ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանը կարծում է, որ պետական հարաբերությունների բացակայության պայմաններում մուլտերի լեզուն կօգնի երկխոսության կայացմանը` քաղաքացիական հասարկության մակարդակում: Ոսկե ծիրան կինոփառատոնի փորձն է հուշում` այսպիսի հանդիպումներից հետո ճիշտ է, դժվարությամբ, բայց համատեղ աշխատանքներ են ծնվում:

Մքաս Հաուորդը նույնպես հավատում է, որ փառատոնը կօգնի հայ և թուրք անիմատորների միջև երկխոսության եզրեր գտնել, իսկ ընդհանրապես, Ռեանիմանիայի գոյության փաստը նա մեծ օգնություն է համարում հայ անիմատորների համար. փոքրիկ արդյունաբերության պայմաններում հաջողությունների հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում.

«Ես սա հաղափոխություն եմ համարում, որ աշխարհի տարբեր երկրներից բարձրակարգ անիմատորներ գալիս են Հայաստան, օգնում հայկական անիմացիայի զարգացմանը: Ես ինքս էլ աշխատում եմ հայ անիմատորների հետ, սովորեցնում եմ նրանց` ինչպես ճիշտ պատմել, որ աշխատանքը ոչ միայն Հայաստանին պատկանի, այլև կարողանա մրցակցության մեջ մտնել միջազգային շուկայում»:

Հայկական անիմացիան անկախ ու յուրօրինակ է համարում Յոշիհարու Աշինոն: Նա Հայաստանում է առաջին անգամ, եկել է Ճապոնիայից, որտեղ ամենաշատն են անիմացիոն ֆիլմեր նկարահանվում: Հայ անիմատորներին նա ներկայացնելու է ճապոնական անիմի պատմությունն ու մասնագիտական դասեր է անցկացնելու: Ասում է, ուրախ կլինի, եթե կարողանա օգտակար լինել ու նպաստել հայկական անիմացիայի զարգացմանը:

«Հայկական անիմեն բիզնեսի նպատակով չի նկարահանվում: Բայց ստեղծվող կարճամետրաժ ֆիլմերը միայն հեղինակներինը չեն»,-ասում է Յոշիհարու Աշինոն` կարևորելով այդ աշխատանքների ցուցադրությունը` նախ հեռուստատեսությամբ:

Նվարդ Դավթյան

Advertisements
%d bloggers like this: