«Դարձ ի շրջանս յուր». Մեծ հայրենադարձության մասին ծրագիր է իրականացվել

Tert.am

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» նախագծի շրջանակում այսօր տեղի ունեցավ «Դարձ ի շրջանս յուր» ծրագրի վեբ-կայքի շնորհանդեսը:Այն ունի երկու բաղադրիչ՝ վեբ-կայք և տեսաֆիլմ, որոնք միմյանց փոխլրացնելով փորձելու են լույս սփռել ոչ հեռավոր անցյալում Հայաստանում տեղի ունեցած կարևոր մի իրադարձության՝ Մեծ հայրենադարձության և դրա հետևանքների վրա:

«Հովիկ Մելիքսեթյանի աշխատությունից ենք օգտվել, որը փաստական առումով գերազանց աշխատություն է, և հանգիստ կարելի էր դրանից օգտվել։ Բաժիններից մեկն ընդգրկում է արխիվային մաս, արխիվային անուններ, որոնցից յուրաքանչյուրի տակ լրացվելու է այդ մարդկանց կենսագրական պատմությունը»,- ասաց ծրագրի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը։

Ըստ նրա՝ մինչ օրս հստակ չէ՝ ինչպես, ինչ պայմաններում տեղի ունեցավ հայրենադարձությունը, բայց փաստ է, որ կազմակերվեց մի մեծ իրադարձություն, որն ունեցավ իր ցավոտ, բայց և լուսավոր կողմերը: Վեբ-կայքն ունի Աշխարհագրություն բաժին, որտեղ ներկայացվում է, թե որ երկրներից որքան մարդ է հայրենադարձվել:

«Այսօրվա արտագաղթի և Մեծ հայրենադարձության միջև կապը. եթե չլիներ արտագաղթը, չէր էլ լինի այդ հայրենադարձությունը։ Հենց կայքում կա մի մարդու կենսագրություն, ով խոստովանել է, որ գնալով ԱՄՆ, իր հետ տարել է մոտ քսան ազգական, որոնք էլ իրենց հերթին…»- նշեց Տիգրան Պասկևիչյանը։ Մամուլ բաժնում զետեղվելու են Սովետական Հայաստանի շրջանի մամուլի արխիվային տեղեկությունները հայրենադարձության մասին: Կա նաև Ֆոտոարխիվ և Տեսադարան բաժինները: Տեսադարանում տեղադրվելու են հարցազրույցներ հայրենադարձված մարդկանց հետ, տեսանյութեր, ֆիլմեր:

Նախագծի հեղինակներն ակնկալում են աշխարհով մեկ սփռված հայերի ակտիվ մասնակցությունը պատմական այս իրադարձությունը պատշաճ կերպով լուսաբանելու գործին: Ամեն մարդ կարող է իր գույնն ու մասնիկն ավելացնել այս խճանկարին՝ ուղարկելով իր ընտանիքի պատմությունը, կայքին տրամադրելով փաստաթղթեր, լուսանկարներ, կինո և տեսանյութեր:

«Պետք է օգնել, որ կայանա այս վեբկայքը»,–ասաց Տիրգրան Պասկևիչյանը՝ հավելելով. «Կան հեռախոսահամարներ և հասցեներ, ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդ իր պատմություններով, նկարներով ու հիշողություններով ներգրավվի այս վեբ-կայքում»: Նա նշեց, որ կայքը գործելու է http://www.hayrenadardz.org հասցեով, արդեն կան կայքի մասին տեղեկությունները ԶԼՄ-ներում տեղադրելու մասին պայմանավորվածություններ, այդ թվում՝ Tert.am-ի հետ:

Advertisements
%d bloggers like this: