Նոր կայք՝ www.hayrenadardz.org

Lragir.am

Եվրասիա հիմնադրամի դրամաշնորհով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացվել է “Դարձ ի շրջանս յուր” նախագիծը, որը բաղկացած է երկու բաղադրիչից`www.hayrenadardz.orgվեբկայքից և տեսաֆիլմից:

1946-48 թթ., երկրորդ աշխարհամարտից հետո Հայաստանի կոմունիստական ղեկավարների և Կրեմլի ղեկավարների փոխադարձ համաձայնության արդյունքում կազմակեպվեց Մեծ հայրենադարձություն:

Նախագծի հեղինակ Տիգրան Պասկևիչյանի խոսքով, որևէ հետազոտող կամ պատմաբան մինչև այսօր սպառիչ պատասխան չի տվել, թե ինչ նպատակով կազմակերպվեց, պատերազմի պատճառով Հայաստանի` Վրաստանի և Ադրբեջանի միջև մասնատվելու վտա՞նգն էր, աշխատուժի խնդի՞ր կար, և այլն: 46-48թթ., մի փոքր մասն էլ 49 թվականի ընթացքում, ընդհանուր թվով շուրջ 95. 400 մարդ է եկել Հայաստան, իսկ ճշգրտված տվյալներով` 89.550 մարդ: 300-500 հազար մարդ էլ անդամագրված է եղել վերադառնալու համար, բայց նրանց հնարավորություն չի տրվել: Սակայն հետագայում նրանց համար հայրենադարձությունը ողբերգական ավարտ ունեցավ, քանի որ շատերը աքսորվեցին Սիբիր:

Տիգրան Պասկևիչյանի խոսքով, կայքը կարող է լուրջ ռեսուրս դառնալ, որը կարող է հետագա հետազոտողների համար շատ օգտակար լինել: Կայքը ունի տարբեր բաժիններ`գրքերի, ֆոտոարխիվների, անհատական ցուցակների բաժին, սփյուռքում այդ ժամանակ տպագրված նյութերի բաժիններ, և ամեն մեկը կարող է ուղարկել իր ընտանիքի պատմությունը, տրամադրել արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և այլն: Տիգրան Պասկևիչյանը նպատակ էր դրել պարզել` ովքեր էին այդ մարդիկ, ինչու եկան, ինչու գնացին և ինչն է կոնֆլիկտը մարդու և հասարակության միջև, որովհետև այսօր արտագաղթի թեման գռեհկացվում է, թե մարդիկ հաց չունեին, դրա համար գնացին, բայց իրականում այլ պատճառներ կան արտագաղթելու` արդարության, ինքնադրսևորման ուղիներն որոնելուց, ըստ արժանվույն գնահատված չլինելուց:

«Այն տեղերում, որտեղ մեր ոտքը չի հասնի /ծրագրում միայն Ֆանսիան և Միացյալ Նահանգներն են/, մենք պատրաստվում ենք հարցազրույցներ անել սկայպով: Ավստրալիայում, Կանադայում կան հետաքրքիր մարդիկ, որոնց հետ կապ կհաստատենք»,- նշեց Տիգրան Պասկևիչյանը:

Advertisements
%d bloggers like this: