Գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ

Երկիր պարբերական

«Խաչմերուկ բանավիճային ակումբ» ՀԿ-ի կողմից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, անցկացվել է հետազոտություն` «Գրագողությունը` բուհերում»:

Ծրագրի ղեկավար հետազոտող Տիգրան Մաթոսյանը նշեց, որ գրագողության հիմնական պատճառը անիրազեկությունն է. «Շատ դեպքերում ուսանողը չգիտի, որ, ասենք, իր ռեֆերատում, եթե ինչ-որ հեղինակի միտք վերաշարադրել է, ապա անհրաժե՞շտ է հղում կատարել, թե՞ ոչ: Բուհական գրագողությամբ զբաղվողներն այդ սովորությունը հետագայում տանում են նաեւ կյանքի մյուս ոլորտներ, որտեղ աշխատում են»:

Ուշագրավ է հանգամանքը, որ ռեֆերատներ, կուրսային ու դիպլոմային աշխատանքներ գրելու մասին գովազդներ եւ թռուցիկներ են բաժանվում հենց բուհերի ներսում, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

Դասախոսներից մեկը նկատել է, որ ուսանողները, կարծես, միայն գիտելիք սպառողներ լինեն. «Մենք ուսանողներին առաջարկում ենք 10 տեսակի ճաշ ու ասում, որ 10-ն էլ՝ ուտեն։ Այնինչ նրանց պետք է առաջարկել 4-ը և ասել, որ 2-ն ուտեն, 2-ն էլ՝ իրենք եփեն, քանի որ երբ նրանք գնում են գործատուի մոտ, նրանց առաջադրվում է ճաշ եփել, իսկ պատասխանը հետեւյալն է լինում` բայց ես միայն ուտել գիտեմ, ճաշ եփել չգիտեմ»:

Հետազոտությունները ցույց են տվել, որ գրագողության արմատները գնում են դեպի դպրոց, քանի որ դպրոցական ռեֆերատները հիմնականում copy-paste-ի արդյունքում են ծնվում: Գրագողության թնջուկը քանդելու համար Մաթոսյանն առաջարկում է, որ բուհն ինքը քայլեր ձեռնարկի. օրինակ` անհրաժեշտ է առաջին կուրսում ներածական դասընթացներ անցկացնել ուսանողների հետ, թե ինչպես պետք է գիտական աշխատանք գրել։

«Պետք է խրախուսման և պատժի որոշ միջոցներ կիրառվեն»,- վստահեցնում է նա:

Ի դեպ, երբեւիցե չզարմանաք, եթե ձեր կուրսային աշխատանքը կամ ռեֆերատը ինչ-որ գումարի դիմաց վերավաճառվի ձեզ:

Advertisements
%d bloggers like this: