Խաղաղասիրական լրագրություն, թե՞ Ադրբեջանին հակադարձող քարոզչություն. քննարկում են փորձագետները

Medimax.am

Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 24-ին Երեւանում տեղի է ունեցել հանրային քննարկում «Անաչառ լրատվություն. ողջամտության սահմաններ» թեմայով:

Այն կազմակերպվել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

Քննարկումը սկսվել է Երեւանի մամուլի ակումբի եւ ադրբեջանական «Ենի Նեսիլ» կազմակերպության կողմից հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների համատեղ մոնիթորինգի արդյունքում ստեղծված բառարանի մասին պատմող տեսագրությամբ: Այդ տեսագրության մեջ նշվում է, որ լրատվությունը պետք է զերծ լինի երկու կողմերին էլ բնորոշ կլիշեների եւ կարծրատիպերի գործածումից:

Ցուցադրությունից հետո ԱրմՌադիո 107 ռադիոկայանի տնօրեն Արման Սաղաթելյանը կարծիք է հայտնել, որ բառարանը չի վերաբերում բոլոր ԶԼՄ-ներին, եւ այն արդիական է միայն այն լրագրողների համար, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ պատրաստում են հեղինակային նյութեր`փորձելով ամփոփել փաստերն ու կարծիքները:

«Ինտերնյուս Հայաստան»-ի ղեկավար Նունե Սարգսյանն էլ ասել է, որ հետազոտությունն ուղղված է փոխելու ոչ միայն լրագրողների, այլ նաեւ լրատվամիջոցների մոտեցումները:

«Այսօր կա լրատվական դաշտ, որն առողջ չէ եւ կան լրագրողներ, որոնք մասնագիտական խնդիրներ ունեն: Հարցն այն է` արդյո՞ ք ուզում ենք որեւէ բան փոխել: Առանձին լրագրողը ոչինչ փոխել չի կարող, բայց լրագրողական շարժումները, մասնագիտական խմբերը կարող են որոշակի փոփոխություններ անել` էթիկական նորմեր սահմանելով»,-ասել է նա:

Իր հերթին Երկիր Մեդիա հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն ասել է. «Երկու օր առաջ Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքի տարելիցն էր, երկու օր հետո Սումգայիթի դեպքերի տարելիցը կլինի, իսկ երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Չինարի գյուղում հայ զինվոր է սպանվել, իսկ մենք կարծես Պերույի եւ Վենեսուելայի խնդիրն ենք քննարկում: Մեր խոսակցությունը եթերային է ստացվում. Ադրբեջանում չի կարող լինել անաչառ լրատվություն Հայաստանի մասին եւ ընդհակառակը, քանի որ խաղաղության մեջ չենք»:

Նունե Սարգսյանը շարունակել է, որ իրենց կազմակերպության նպատակը «ոչ թե քարոզչությունն է, այլ խաղաղասիրական լրագրությունը, առանց որի փոփոխություններ անել հնարավոր չէ»:

«Սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին Ադրբեջանում դժվարությամբ են ցուցադրվում Ինտերնյուս-ի հայ եւ ադրբեջանցի երիտասարդ լրագրողների համատեղ աշխատանքները, փաստագրական ֆիլմերը, նույնիսկ լուսագրով հայի ազգանունը եթերում գրելը խնդիր է դարձել»,- ասել է նա:

Խաղաղասիրական լրագրության առնչությամբ Արման Սաղաթելյանն ասել է.

«Ադրբեջանն իր ռազմական ձգտումներով հասել է այն աստիճանի, որ արդեն դիպուկահարների քննություններն է առաջին գծում ընդունում` հայ զինվորի սպանության եղանակով, եւ այս պարագայում մենք իրավունք չունենք խաղաղասիրություն սովորեցնել»:

Նա հարց է բարձրացրել, թե փորձելով ցուցաբերել ըմբռնում եւ անաչառություն` կարո՞ղ ենք նույն արձագանքը ստանալ նաեւ Ադրբեջանից:

Այդ հարցին ի պատասխան ցուցադրվել է Եվրասիա հիմնադրամի հարցազրույցը «Ենի Նեսիլ» կազմակերպության տնօրեն Արիֆ Ալիեւի հետ, ով իր խոսքում ասել է.

«Այսօր դժվար է Ադրբեջանում կիրառել այդ բառարանը, վաղը կամ մոտ ապագայում միգուցե եւ հնարավոր լինի: Սա շատ արժեքավոր աշխատանք է, որը երկու կողմերին հնարավորություն կտա ունենալ խաղի շատ խիստ եւ լուրջ կանոններ:

Մեր աշխատանքն իսկապես կարող է օգտակար լինել, եթե դա ցանկանա ոչ միայն ժողովուրդը , այլ նաեւ կառավարությունն ու քաղաքական գործիչները»:

Ո՞րն է ողջամտության սահմանը

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասել է, որ ողջամտության սահմանը պահելու համար լրագրողը չպետք է տարածի կեղծ տեղեկատվություն, պետք է հիմնվի միայն հավաստի աղբյուրների վրա եւ հարկ եղած դեպքում չհրապարակի գաղտնի տեղեկատվությունը:

«Ողջամտության սահման ասելիս հասկանում եմ լրագրողական էթիկայի հարցերը, որոնց շուրջ շատ մասնագետներ արդեն սկսել են մտածել»,-իր հերթին կարծիք է հայտնել «Ինտերնյուս Հայաստան»-ի ղեկավարը:

Երկիր Մեդիա հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական ծրագրերի տնօրենն էլ ասել է, որ ինքն այդ սահմանը պահում է ադրբեջանցի ժողովրդին չվիրավորելով, նրանց պատմությունն ու մշակույթը հարգելով, սակայն, միեւնույն ժամանակ, նրանց քարոզչամեքենայի դեմ պայքարելով:

Մարիամ Մանոյան

Advertisements
%d bloggers like this: