Պահում ենք արդյո՞ք տեղեկատվության գաղտնիության սահմանները

Mediamax.am

Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 25-ին Երեւանում տեղի է ունեցել հանրային քննարկում “Շփման գիծ. ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար” թեմայի շուրջ:

Այն կազմակերպվել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

“Ջուր թշնամու ջրաղացին” քննարկման մասնակիցներից բլոգերներ Վահագն Մխոյանը եւ Արմեն Հովհաննիսյանը պնդել են, որ հարկավոր է պահել տեղեկատվության գաղտնիության սահմանները` ելնելով Ազգային անվտանգության ռազմավարությունից, իսկ ՀԿ անդամներ Արթուր Սաքունցն ու Ծովինար Նազարյանն այն կարծիքն են արտահայտել, որ լռելու դեպքում հնարավոր չի լինի պայքարել երկրի ներսում առկա բացասական երեւույթների դեմ:

“Մենք ազատ ենք եւ կարող ենք խոսել ամեն ինչի մասին, սակայն միայնակ չենք` կան համակեցության կանոններ եւ անվտանգության խնդիրներ , օրինակ` կապված բանակի հետ, վերջինիս մասին ես կնախընտրեի լռել` ելնելով իմ անձնական շահերից”,-ասել է Արմեն Հովհաննիսյանը:

«Ցանկացած պետություն ունի հենասյուներ` բանակը, դատարանը, ոստիկանությունը, եւ, անկախ վերջիններիս «պարունակությունից», չեմ ասի որեւէ բան կամ չեմ դիմի որեւէ քայլի, որը կարող է թուլացնել այդ հաստատությունները»,-շարունակել է նա:

Իսկ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը պատասխանել է, որ իրենց թիրախը հենց այդ հենասյուների «պարունակությունն» է: «Պետք է պայքարենք, որ բանակում չլինեն մարդասպան սպաներ եւ զինվորներ, իսկ դատարանում չլինեն տնտեսական եւ քաղաքական պատվերներ կատարող դատավորներ», – ասել է նա:

Ո՞վ է թշնամին եւ որո՞նք են գաղտնիության սահմանները

«Թշնամի բառը կենցաղային մակարդակի է, միգուցե ասենք մրցակից կամ հակառակորդ, որպեսզի չորոշակիացնենք վերաբերմունքը»,-ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Թշնամին միայն մարտի դաշտում է, ուրիշ տեղ թշնամի չկա»,-ավելացրել է Ծովինար Նազարյանը:

Բլոգերներն էլ, չհամաձայնելով վերոնշյալ տեսակետներին, ասել են, որ քանի դեռ չկա հաշտության պայմանագիր, Ադրբեջանը թշնամի է իրենց համար:

Արթուր Սաքունցը նաեւ ասել է, որ ինքը չգիտի որեւէ օրենք, որը հստակեցնում է տեղեկատվության գաղտնիության սահմանները: «Ազգային անվտանգության տեսանկյունից բոլորիս համար գաղտնիության սահմանները պետք է ճանաչելի լինեն», – ասել է նա:

«Օրենքը չի սահմանում, թե կոնկրետ ինչը պետք է գաղտնի պահել, սակայն օրենքը սահմանում է այն մեխանիզմները, որոնցով որոշվում են պետական գաղտնիքները: Կառավարությունն առանձին ցուցակ է սահմանում, որից հետո յուրաքանչյուր գերատեսչություն իր հերթին սահմանում է իր ցանկը»,- հստակեցրել է Վահագն Մխոյանը:

Հնարավո՞ր է երկխոսության միջոցով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

«Հայատյացության քարոզն այս պահին Ադրբեջանում այնպիսի մակարդակի է, ինչ արվում էր հրեաների դեմ Ֆաշիստական Գերմանիայում»,-ասել է Վահագն Մխոյանը` վկայակոչելով իր վիրտուալ շփումների փորձը ադրբեջանցիների հետ: Բլոգերի կարծիքով երկխոսություն հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը դադարեցնի սպառնալիքները եւ սպառազինությունների մրցավազքը:

«Չպետք է մեր թշնամուն գայթակղենք մեր թուլությամբ: Հավատում եմ` վաղ թե ուշ հաշտություն կլինի, սակայն այն չպետք է լինի մեր ազգային եւ պետական շահերի հաշվին»,- իր հերթին ընդգծել է Արմեն Հովհաննիսյանը:

Արթուր Սաքունցի կարծիքով, պատերազմի գործոնների դեմ հարկավոր է պայքարել խաղաղասիրական նախաձեռնություններով, իսկ Ծովինար Նազարյանի կարծիքով` «ժողովրդավար երկիր ստեղծելով, որի հարգված քաղաքացին հանդուրժող կլինի հակառակորդի նկատմամբ»:

Մարիամ Մանոյան

Advertisements
%d bloggers like this: