«Ջուր թշնամու ջրաղացի՞ն», թե՞ առողջ քննադատություն

Hraparak.am

Գոյություն ունի՞ արդյոք տեղեկատվության ազատության սահման, երբ խոսում ենք ներքին հարցերից, ինչպե՞ս պետք չէ քննադատել, ովքե՞ր եւ ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերեն այդ խնդիրներին: Այս եւ նման այլ հարցեր քննարկելու համար «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր «Շփման գիծ» ընդհանուր վերտառությամբ քննարկումների շարք: Քննարկմանը հրավիրված էին բլոգեր Վահագն Մխոյանը (կոռեոլա), բլոգեր, լրագրող Արմեն Հովհաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ լրագրող, բլոգեր, «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական մեծ հոսքերի այս դարաշրջանում գրեթե հնարավոր չէ հասարակությունից գաղտնի պահել որեւէ տեղեկատվություն, մանավանդ, երբ դա վերաբերում է երիտասարդ մարդկային կյանքերին: Այս առումով բանակն այսօր բավականին բարդ իրադրության մեջ է. մի կողմից վերջինիս գլխին կախված հակառակորդի հարձակման դամոկլյան սուրը, մյուս կողմից՝ ներքին խնդիրները:

Վ. Մխոյանը կարծում է, որ խնդիրների մասին, անշուշտ, կարելի է խոսել, բայց կարեւոր է, որ դրանց վերաբերյալ հնչեն մասնագիտական կարծիքներ՝ էֆեկտիվ քննարկման ապահովման տեսանկյունից: Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը եւ բանակի խնդիրներին, բլոգեր Արմեն Հովհաննիսյանը ինքնահեգնանքով ասաց. «Ես ինձ կամավոր կերպով կսահմանափակեի, ելնելով, եթե ուզում եք, իմ մորթապաշտական շահերից, որովհետեւ Հայաստանը ունի արտաքին թշնամիներ»:

Այն, որ Հայաստանը այսօր շրջապատված է երկու թշնամական պետություններով, փաստ է, սակայն իրավապաշտպան Ա. Սաքունցի ընկալմամբ «թշնամի» բառը այլ իմաստ ունի. նրա կարծիքով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե մեր թշնամիներն են, այլ՝ մրցակիցները, ինչին համաձայն չէ Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ մեր երկրի համար մրցակից կարող է լինել ասենք Սլովենիան, բայց ոչ թշնամի:

Սաքունցի համար գերագույն արժեքը մարդու արժանապատվությունն է. ցանկացած արարք, որը ուղղված է մարդու արժանապատվության նվաստացմանը, նրա համար անընդունելի է: Սակայն այս դեպքում, պրն. Սաքունցը երկրի ներսում գտնվող քրեական հանցագործներին նույնացնում է արտաքին թշնամու հետ: Իսկ ըստ Ծովինար Նազարյանի, թշնամին միայն մարտադաշտում է թշնամի: Նա կարծում է, որ բանակի, ոստիկանության և մեր երկրի մյուս հենասյուների վերաբերյալ քննադատությունը կարող է միայն ամրացնել դրանք, իսկ այդ քննադատություններում բանակը կոչվում է «սպանդանոց», «մենք էս բանակին տղա չունենք տալու», «բանակի վիճակը օրհասական է» և այլն:

Այս կապակցությամբ Ա. Հովհաննիսյանը նկատեց. «Այստեղ սպանդանոցը զուտ զգացմունքային գնահատական է և իրականում չի բնորոշում այն խնդիրները, որոնք իրականում կան բանակում, ուղղակի պետք է խուսափել այսպիսի էմոցիոնալ գնահատականներ տալուց, այդպիսի քննադատությունից ոչ մի օգուտ չկա, և հետո , ցանկալի է, որ քննադատեն կոմպետենտ մարդիկ ու, բացի այդ, նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնեն»:

Քննարկումն ավարտվեց լսարանի հետ ակտիվ հարցուպատասխանով, սակայն այս և այլ հարցերի շուրջ կողմերը այդպես էլ ընդհանուր լեզու չգտան՝ տեղի տալով կրքերի թեժացմանը:

Նշենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ այս քննարկումները մաս են կազմում ԵՀՀ «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» նախագծի, որը իրականացվում է Մեծ Բրիտանիայի կառավարության օժանդակությամբ:

Advertisements
%d bloggers like this: