Հնարավո՞ր է երկխոսություն սկսել ադրբեջանցիների հետ. քննարկում են մտավորականները

Mediamax.am

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա՞ երկխոսության որեւէ հարթակ, ի՞նչ է տվել երկու երկրներին Խորհրդային Միության 70 տարի տեւած ինտեգրացնող քաղաքականությունը, որո՞նք են երկրների մշակութային տարբերությունները եւ կան արդյո՞ք քաղաքակրթական տարբերություններ. այս հարցերն են քննարկվել Երեւանում հայ մտավորականների կողմից «Մշակույթն առճակատման, թե՞ հաշտեցման աղբյուր» հանրային քննարկման ժամանակ:

Այն կազմակերպվել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին` ադրբեջանցիների կողմից Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի 24-րդ տարելիցին. ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

«Այսօր շատ ծանր օր է մեզ համար, սակայն պատրաստակամություն ենք հայտնել քննարկել երկխոսության հնարավորությունները»,-ասել է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա ասել է, որ հայ հասարակությունը երբեւէ փակ չի եղել երկխոսության համար, սակայն Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է երկխոսություն սկսելու հայտերը:

«Ադրբեջանում խնդիրը միայն իշխանությունների մեջ չէ, հայերի նկատմամբ ատելությունը մտած է նաեւ հասարակության մեջ», – ասել է նա` վկայակոչելով ադրբեջանցիների հետ մեկտեղ ապրելու իր «դառը» փորձը: Նրա խոսքերով, նույնիսկ ադրբեջանական երգերն են հագեցած հայատյացությամբ:

«Այն հասարակությունը, որը զգում է իր հիվանդ լինելը, կիսով չափ առողջ է: Ի տարբերություն հայ հասարակության, որը գիտակցում է իր հիվանդ լինելը եւ փորձում է առողջանալ, ադրբեջանական հասարակությունը հեռու է ճշմարտությունից», – ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը, ով վերջերս ադրբեջանցի համահեղինակի հետ հրատարակել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» գիրքը, ասել է, որ Ադրբեջանում կա 2 տեսակի մշակույթ:

«Առաջինը` զանգվածայինը, թշնամության եւ պատերազմի հակահումանիստական մշակույթն է, իսկ երկրորդը, որը քիչ տարածում ունի, քաղաքակիրթ եւ մարդակենտրոն հասարակություն դառնալու մշակույթն է», – նշել է նա:

Ի տարբերություն Տիգրան Խզմալյանի, ով չի նշմարել ադրբեջանցիների հետ երկխոսություն սկսելու որեւէ հարթակ, Արա Նեդոլյանը կարծիք է հայտնել, որ երկխոսություն հնարավոր է եւ անհրաժեշտ է սկսել Ադրբեջանի առաջադեմ եւ քաղաքակիրթ ուժերի հետ:

Գրող Վահան Մարտիրոսյանի կարծիքով, հայերն ու ադրբեջանցիները շփման հնարավորություններ կարող են գտնել միայն իրար լավ ճանաչելով: «Հարկավոր է հարգանք ներշնչել միմյանց մշակույթների նկատմամբ»,-ասել է նա:

Մարիամ Մանոյան

Advertisements
%d bloggers like this: