iԴԻՏՈՐԴ ծրագիրը կքարտեզագրի ընտրախախտումները

Tert.am

Վաղը, ապրիլի 6-ին ժամը 17:00-18:00 Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կայանալու է iDITORD.org կայքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է Բաց հասարակության հիմնադրամ–Հայաստանի մամուլի ծառայությունը, այս կայքը ընտրությունների քաղաքացիական վերահսկողության գործիք է, որը մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կքարտեզագրի ընտրախախտումները` հիմնվելով քաղաքացիների և կազմակերպությունների հայտնած տեղեկատվության վրա:


Կայքը հիմնված է «ուշահիդի» նորարարական պլատֆորմի վրա, որը առաջին անգամ օգտագործվել է Քենիայի նախագահական ընտրությունների վերահսկողության համար` 2007 թ.-ին:
iԴԻՏՈՐԴ ծրագիրն իրականացվում է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Ֆինանսավորող կառույցներն են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` Ինտերնյուզ ԱՄՆ, Եվրասիա hամագործակցության hիմնադրամ և Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստան կազմակերպությունների միջոցով:

Շնորհանդեսին հրավիրված են ընտրությունների անցկացման և վերահսկողության գործընթացներում ներգրավված պետական մարմինների, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես կգան ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և «Լրատվության այլընտրանքային ռեսուրսների» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը:

Advertisements
%d bloggers like this: