Հայկական լրատվամիջոցներն ավելի հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերություններով, քան թուրքականները

Tert.am

Երևանի մամուլի ակումբն այսօր ներկայացրեց «Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» որակական հետազոտության հիմնական արդյունքները։
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը տեղի է ունեցել ԵՄԱ-ի և Իզմիրի Տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի ջանքերով` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են հետևյալ խնդիրները. որքա՞ն ուշադրություն են դարձրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին յուրաքանչյուր երկրի ԶԼՄ-ները, ինչպե՞ս են լուսաբանման վրա ազդել քաղաքական գործընթացները, որո՞նք են եղել հարևան երկրի շուրջ տեղեկատվության աղբյուրները, և յուրաքանչյուր երկրի կյանքի ո՞ր ոլորտներն են արժանացել լրատվամիջոցների ուշադրությանը:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստանի ԶԼՄ-ներում արժանացել է ավելի մեծ ուշադրության քան թուրքական լրատվամիջոցներում: Հայկական լրատվամիջոցներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հաճախ ոչ միայն ավելի մեծ ուշադրության են արժանացել, քան արտաքին քաղաքականության այլ խնդիրներ, այլև որոշ դեպքերում ավելի են կարևորվել, քան նույնիսկ ներքաղաքական խնդիրները»,-ասված է հրապարակված զեկույցում:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ները հաճախ օգտագործում են միայն իրենց երկրում գտնվող տեղեկատվության աղբյուրներ, իսկ մյուս երկրներից տեղեկատվության աղբյուրների օգտագործումը սահմանափակված է: «Սա չի նպաստում մյուս երկրում տեղի ունեցող գործընթացների հավասարակշիռ և բազմակողմանի լուսաբանմանը»,-ասված է զեկույցում:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:

Advertisements
%d bloggers like this: