10 հայկական ֆիլմեր «մեկնեցին» Ստամբուլ

A1plus.am

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի / ՀԹԿՊ / հերթական աշխատաժողովը կայանալու է Ստամբուլում ապրիլի 12-14-ը Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ 2012 ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի և Անադոլու Քյուլթուր կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ընդգրկված կլինի Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the Bridge ֆորումում:
Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչև ապրիլի սկիզբը ավելի քան 35 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ և թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովը ընտրեց 10 կինոնախագիծ՝ յուրաքանչյուր երկրից 5-ը:

Ընտրված նախագծերը հետևյալն են`

1. Երկխոսություն, ռեժ. Արսեն Առաքելյան,
2. Իմ և քո Կիրակին, ռեժ.Գագիկ Ղազարէ,
3. Գրանցման նավահանգիստ, ռեժ.Հելեն Քուրքճյան,
4. Երևակայական կարոտ, ռեժ.Նիկա Շեկ,
5. Բացիկներ «Անմեղության թանգարանից», ռեժ.Վարդան Դանիելյան,
6. Փոքր սև ձկներ, ռեժ.Ազրա Դենիզ Օկիայ,
7. Գյավուրի թոռները… Իմ ազգությամբ հայ պապիկը, ռեժ.Դեվրիմ Ակկայա,
8. Փնտրում եմ Մանուկին, ռեժ.Դիլեկ Այդին,
9. 23 ու կես, ռեժ. Էզգի Կիլինջասլան,
10. Մանուկի ուղևորությունը, ռեժ. Օզլեմ Սարիյիլդիզ:

Հայ մասնակիցները հրավիրվել են Ստամբուլ ներկայացնելու իրենց նախագծերը պրոդյուսերներին և ժյուրիին: Հաղթող նախագծի հեղինակը կստանա 10.000 ԱՄՆ դոլար Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:

Ի դեպ այս տարի ժյուրիի անդամներից են նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և թուրք հայտնի ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուն:
Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան»-ի մամլո ծառայությունը։

Advertisements
%d bloggers like this: