Հանդիպումներ կամրջի վրա. հայ կինոգործիչները` Ստամբուլի կինոփառատոնում (լուսանկարներ)

Tert.am

Հայ կինոգործիչների պատվիրակությունը օրերս վերադարձել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնից, որի շրջանակներում կայացել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հերթական աշխատաժողովը:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնի և Անադոլու Քուլթուր թուրքական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև` կինոյի ոլորտում:

Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ մի քանի համատեղ ֆիլմեր են ստեղծվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև` Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր:

Այս պահի դրությամբ ևս 4 ֆիլմ արտադրության փուլում է:

ՀԹԿՊ-2012-ն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ընդգրկված է եղել Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the Bridge («Հանդիպումներ կամրջի վրա») խորհրդանշական խորագրով ֆորումում:

Այս անգամ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի 31-րդ մեկնարկն էր: Դրա շրջանակներում մոտ 140 հազ կինոսիրողներ աշխարհի 52 երկրի 232 ռեժիսորների 220 ֆիլմեր դիտեցին: 552 ցուցադրություններ եղան 7 կինոթատրոններում, մեկ տասնյակից ավելի էլ վարպետության դասընթացներ, քննարկումներ ու սեմինարներ:

Իսկ հայ-թուրքական կինոպլատֆորմի աշխատաժողովի բուն աշխատանքները սկսվել էին փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր համացանցով: Մինչ ապրիլի սկիզբը ավելի քան 35 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային աշխատանքների հայտ էր ընդունվել: Դրանից հետո հայ և թուրք կինոգործիչներից բաղկացած նախընտրական հանձնաժողովը ընտրել է 10 կինոնախագիծ` յուրաքանչյուր երկրից 5-ական:

Իրենց նախագծերը անձամբ ներկայացնելու և համապատասխան ֆինանսավորումը ստանալու համար Ստամբուլ էին մեկնել հայտ ներկայացրած կինոգործիչները, ժյուրիի անդամները` ի դեմս Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանի, Ոսկե ծիրան կ/փ-ի ղեկավար Հարություն Խաչատրյանի: Ժյուրիի կազմում էր նաև Ոսկե ծիրանի մրցանակակիր թուրք ռեժիսոր Եշիմ Ուսթաօղլուն:

3 օրվա ընթացքում եզակի կինոպլատֆորմի ձևաչափում իրենց աշխատանքները ներկայացրեցին Արսեն Առաքելյանը («Երկխոսություն» նախագծով), Վահրամ Ակիմյանը («Իմ և քո կիրակին», ռեժ.` Գագիկ Ղազարե), Սարիկ Հովսեփյանը («Երևակայական կարոտ», ռեժ.` Նիկա Շեկ), Վարդան Դանիելյանը («Բացիկներ «Անմեղության թանգարանից»): Նրանցից բացի ներկա էր, նաև սփյուռքահայ սկսնակ ռեժիսոր` ի դեմս Հելեն Քյուրքջյանի`«Գրանցման նավահանգիստ» նախագծով:

Իրենց հերթին սեփական նախագծերով հանդես եկան 5 թուրք կինոգործիչներ: Հաղթեց Դեվրիմ Աքայայի «Գյավուրի թոռը… իմ հայ պապը» նախագիծը, որը 10 000 ԱՄՆ դոլար գումարի արժանացավ Եվրասիա հիմնադրամի կողմից:

Հայ կինոգործիչների առաքելությունը կարևորվեց նաև այլ կտրվածքով: Սարիկ Հովսեփյանը, օրինակ, թուրք կինոգործիչներին հատված ցուցադրեց իր վերջին` Սումգայիթի մասին աշխատանքից: Պետք է նկատել, որ թուրք կինոգործիչներն ընդունում են Ցեղասպանության իրողությունը և պատրաստակամ են առավել բազմակողմանի ծանոթանալ դրան, ներկայացնել այն` նույնիսկ երբեմն ի վնաս իրենց: Այդպես Էզգի Քըլընջասլանն` իր «23 ու կես» նախագծով ներկայացրեց, թե ինչ խնդիրների հետ կարող է բախվել ռեժիսորը, եթե ցանկանում է բացեիբաց խոսել Ցեղասպանության մասին:

Հարություն Խաչատրյանը պատմեց, որ նախորդ տարի աշխատանքները սկսելուց առաջ քուրդ կինոգործիչները նախ ներողություն են խնդրել հայերից, ապա միայն անցել կինոշփումների: Իսկ ընդհանրապես, ըստ Խաչատրյանի, պլատֆորմի գոյության տարիների ընթացքում հայ կինոգործիչներին հաջողվել է իրենց արվեստով ավելի շատ թուրքերի հեռացնել թուրքական ստից և մոտեցնել հայկական ճշմարտությանը:

Advertisements
%d bloggers like this: