Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորները մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին

7or.am

Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկիտ ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:

Երկօրյա սեմինարի ծրագիրը ներառում էր հայ և թուրք ռեժիսորների հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ` կազմակերպված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ժյուրիի համար: Դևրիմ Ակկայայի և Ժոզեֆինա Մարգարյանի «Գյավուրի թոռները…Իմ ազգությամբ հայ պապիկը» վավերագրական ֆիլմը շահեց $10.000 մրցանակը: Այս կինոնախագիծը բացահայտում է Դևրիմի պապիկի` Յուսուֆի ինքնությունը և դրա հետագա ազդեցությունը ընտանիքի հոգեբանության վրա:

Յուսուֆի հայկական ծագումը և այն հանգամանքը, որ նա տասնամյակներ շարունակ ծածուկ է պահել այն, մեծապես ազդել է Դևրիմի ներաշխարհի և նրա անձի ձևավորման վրա: Ֆիլմի միջոցով Դևրիմը փորձում է կապ հաստատել իր մենության զգացումի, ինչպես նաև պատկանելիության բացակայության և իր պապի քողարկած ինքնության միջև: Նախագծի պրոդյուսեր Ժոզեֆինա Մարգարյանի արմատները Ստամբուլից են, որտեղից նրա նախնիները ավելի ուշ տեղափոխվել են Աթենք: Արդյունքում, նա կիսում է պատկանելիության պակասի զգացողությունը, որն ի սկզբանե մղել է նրան դեպի ծրագիրը:

«Գրանցման նավահանգիստ» ֆիլմի հեղինակ Հելեն Քուրքճյանը շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Այս կինոնախագիծն անդրադառնում է նմանատիպ մի թեմայի, որում այժմ Գերմանիայում բնակվող Հելենի հայրը Հելենի հետ ուղևորվում է Միջին Արևելք` իր արմատները բացահայտելու համար:

Ժյուրիի կազմում էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հայտնի թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաողլուն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Աժանս 21» պրոդյուսերական ընկերության տնօրեն Նուրդան Արկան և Սարայևոյի կինոփառատոնի մրցույթի համակարգող էլմա Թաթարագիչը:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծնվել է Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցության արդյունքում 2008 թ-ին` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել և միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է 11 ֆիլմերի ստեղծմանը կինոռեժիսորների կողմից և´ Հայաստանից, և´ Թուրքիայից:

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ինչպես նաև Թուրքիայում գտնվող մի շարք գործընկերների կողմից: Երեք սեմինարներ են անցկացվել Ստամբուլի միջազգային կինոփառատոնի և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում (երկուսը Ստամբուլում և մեկը Երևանում) երկու երկրներից շուրջ 30 կինոռեժիսորների համար: Երկու ֆիլմեր` Լուսին Դինքի և Սոներ Ալպերի «Բիթլիսից Ամերիկա», ինպես նաև Ադրինե Գրիգորյանի և Վահե Օհանյանի «Հետ դեպի Գյուրյուն» ֆիլմերը գտնվում են ավարտական փուլում. ևս երկու ֆիլմ կթողարկվի 2013թ-ին:

Advertisements
%d bloggers like this: