Մալաթիայի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին փրկվում է (ֆոտոռեպորտաժ)

News.am

(English version)

Հրանտ Դինքի ծննդավայրում՝ Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին Մալաթիայի հայերի միության ջանքերի շնորհիվ հայտնվել է Թուրքիայի մշակույթի եւ նախարարության կողմից վերանորոգման ենթակա շինությունների ցանկում (ֆոտոռեպորտաժ):

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալասարանի  կազմակերպած հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային համատեղ շրջագայության մասնակիցները Մալաթիա քաղաքում հանդիպեցին Մալաթիայի հայերի միության Մալաթիայի պատասխանատու Սերդար Բոյաջըի հետ, ով մեծ սիրով հյուրերին ուղեկցեց մոտ 300 տարվա պատմություն ունեցող Մալաթիայի Սուրբ Երրոդություն կամ ինչպես տեղի բնակչությունն է ասում՝ Թաշհորան եկեղեցի:

Ինչպես Մալաթիայից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սերդար Բոյաջըն նշեց, որ իրենք հետամուտ են եկեղեցու վերանորոգման հետ կապված զարգացումներին: «Վերանորոգման ծրագիրն արդեն հաստատվել է: Ամենայն հավանականությամբ այս տարի սկսվելու է վերանորոգումը: Քաղաք ժամանող հյուրերի մեջ են շատ են լինում այս եկեղեցին տեսնել ցանկացողները»,-նշեց Բոյաջըն:

Բոյաջըի խոսքով՝ նախատեսված է, որ եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես մշակույթային կենտրոն, սակայն Մալաթիայի հայերն ամեն ինչ անելու են՝ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Մալաթիայի Սուրբ Երրորդությունը գործել է մինչեւ 1915-ը, որից հետո մինչեւ 1940-ը եղել է զինվորական պահեստ, այնուհետ մատնվել բախտի քմահաճույքին:

Եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին դեռեւս 2002-ին բարձրաձայնել էր Հրանտ Դինքը:  2010-ին եկեղեցին վերանորգելու ցանկություն էր հայտնել «Թեփեբաշը» մզկիթներ կառուցող հիմնադրամը, որը վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմումն ուղարկել էր Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ծրագիրը չի իրականացվել:

Մոտ մեկ տարի տեւած նախագծային աշխատանքներից հետո Մալաթիայի նահանգապետարանը եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատման համար 2012-ի փետրվարին ներկայացրել է Սվասի (Սեբաստիա) մշակույթային արժեքների պահպանության շրջանային խորհուրդ եւ ստացել դրական պատասխան: Նախագծի՝ հավանության արժանանալուց հետո Մաշակույթի եւ տուրիզմի նախարարությունը միջոցներ է հատկացրել եկեղեցու վերականգնման համար՝ այն գրանցելով վերանորգման անհրաժեշտ շինությունների ցանկում:

Եկեղեցու ճակատրագրով մտահոգ բազմաթիվ մալաթիացներներ են դիմել իշխանություններին՝ եկեղեցուն տեր կանգնելու խնդրանքով, քանի որ այն անտերության է մատնված եւ ավերման վտանգի տակ է: Մալաթիայի բնակիչ Սուլթան Քըլըչը 2 տարի առաջ իր անհանգստությունն էր հայտնել մամուլում՝ թուրքական իշխանություններին կոչ անելով փրկել եկեղեցին: Սուլթան Քըլըչը նշել էր, թե ինքը լուսանկարել է եկեղեցին ներսից եւ դրսից ու լուսանկարներն իր խնդրանքի հետ միասին ուղարկել կառավարություն։ «Հեյ, մշակույթի նախարարություն, Մալաթիայի նահանգապետարան, Մալաթիայի քաղաքապետարան, Մալաթիայի տուրիզմի եւ մշակույթի վարչություն, Մալաթիայի թանգարանների վարչություն, որտե՞ղ եք։ Թաշհորոնը վիրավորվել է, Թաշհորոնը մահանալու վրա է, սակայն նա ապրել է ուզում»,-ավարտել էր իր խոսքը Քըլըչը։

Advertisements
%d bloggers like this: