Լրագրողական մրցանակաբաշխության արարողություն

Lragir.am

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) եւ Ստամբուլում գործող Համաշխարհային քաղաքական միտումների հետազոտման կենտրոնը (GPօT) համատեղ կանցկացնեն Լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը հունիսի 4-ին, ժ. 18։30-ին, Երեւանի Մարիոտ Հայաստան հյուրանոցի «Արարատ» սրահում։

2012 թ. մրցանակակիրներն ընտրվել են լրատվական դաշտի Հայաստանը եւ Թուրքիան ներկայացնող երեքական փորձագետներից կազմված հանձնաժողովի կողմից։ Մրցանակակիրների անունները կհայտարարվեն հունիսի 4-ի մրցանակաբաշխության ընթացքում։ Միջոցառմանը կմասնակցեն մի շարք փորձագետներ, լրատվամիջոցների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաւ Երեւանում գործող միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԵՄԱ-ն եւ GPoT-ը Լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրել են 2010 թվականին` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող բարձր որակով և ազդեցիկությամբ աչքի ընկնող հրապարակումները նշանավորելու նպատակով։ 2011 թ. մրցանակակիրներն էին Էդուարդ Մխիթարյանը Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաալիքից (Հայաստան), որին շնորհվեց մրցանակ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին նվիրված «Ասա ով է հարեւանդ» ֆիլմի համար, եւ «Միլլիյեթ» օրաթերթի սյունակագիր Քադրի Գյուրսելին (Թուրքիա)՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը ողջունող հոդվածների համար։

Լրագրողական ամենամյա մրցանակը շնորհվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Ծրագրին մասնակցում են մի շարք գործընկերներ Թուրքիայից, այդ թվում Համաշխարհային քաղաքական միտումների ուսումնասիրության կենտրոնը, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը, «Անադոլու քուլթուր» կազմակերպությունը, ԳԱՅԱ հետազոտական ինստիտուտը, Իզմիրի տնտեսական համալսարանի Լրատվամիջոցների և հաղորդակցության ֆակուլտետը, «Թոփլում գոնուլլուլերի» հիմնադրամը և Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը։

Advertisements
%d bloggers like this: