Հայաստան-Թուրքիա լրատվամիջոցների կլոր սեղան Երեւանում

Lragir.am

Երեւանի մամուլի ակումբը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում են Հայաստան-Թուրքիա լրատվամիջոցների կլոր սեղան 2012 թ. հունիսի 4-6-ին։ Միջոցառումը կմեկնարկի հունիսի 4-ին, ժ. 13։00-ին, Երեւանի Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում։

Կլոր սեղանին կմասնակցեն քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ Թուրքիայից եւ Հայաստանից։ Մասնակիցները կքննարկեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա փուլը և դրա լուսաբանումը Հայաստանի եւ Թուրքիայի լրատվամիջոցներում, ինչպես նաև ճանապարհները, որոնք կարող են օգնել բարելավել այդ լուսաբանումը։ Լրատվամիջոցների վիճակը երկու երկրներում եւս կլինի քննարկման ծրագրում։ ԵՄԱ-ի և Իզմիրի տնտեսական համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ներկայացուցիչները կզեկուցեն լրատվամիջոցներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման մոնիտորինգի նախնական արդյունքները: Վերջինս իրականացվել է 2011 թ. աշնանը։

Կլոր սեղանը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Ծրագրին մասնակցում են մի շարք գործընկերներ Թուրքիայից, այդ թվում Համաշխարհային քաղաքական միտումների ուսումնասիրության կենտրոնը, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը, «Անադոլու քուլթուր» կազմակերպությունը, ԳԱՅԱ հետազոտական ինստիտուտը, Իզմիրի տնտեսական համալսարանի Լրատվամիջոցների և հաղորդակցության ֆակուլտետը, «Թոփլում գոնուլլուլերի» հիմնադրամը և Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը։

Advertisements
%d bloggers like this: