Հայ-թուրքական հարաբերությունների խափանման հիմնական պատճառը Ադրբեջանն է. Մենսուր Աքգյունի

Tert.am

Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված փորձերի ձախողման հիմնական պատճառը ադրբեջանական գործոնն է, այս մասին այսօր Երևանում հրավիրված «Կլոր սեղան» քննարկման ժամանակ ասաց Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունին։

«Այո, Ադրբեջանը մեծ ազդեցություն թողեց արձանագրությունները ետ կանչելու վրա՝ շատ պարզ պատճառով. Ադրբեջանը տնտեսական երկիր է, բնական գազն ենք ստանում այնտեղից, նավթ ենք ստանում, թուրքական ներդրումներ կա, նույն լեզվով ենք խոսում»,- բացատրեց թուրք բանախոսը և նկատեց, որ ԼՂ խնդրի լուծումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացին:

«Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմայով երկօրյա քննարկումը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնը:

Մենսուր Աքգյունին միաժամանակ նկատեց, որ դրան զուգահեռ առավել ակտիվացել է երկու հասարակությունների համագործակցությունը. «Պետք է, որ կյանքի կոչվեն արձանագրությունները, որոնք ներկայացնում են երկու երկրների շահերը, իսկ եթե դրանք պատմության գիրկն անցնեն, ապա շատ վատ կլինի: Հարաբերությունների սկսման համար պետք է փաստաթղթեր ստորագրվեն: Հույս ունեմ, որ երկու կողմերն էլ քաջություն կունենան»:

Մենսուր Աքգյունին, բացի ադրբեջանական գործոնից, հայ-թուրքական հարաբերությունների չկայացման մյուս պատճառը համարեց Հայոց ցեղասպանության խնդիրը:

Այս հարցում նա Թուրքիայում մեծ առաջխաղացում է նկատում։ Ըստ նրա, նախկինում՝ Ցեղասպանության հարցը բացարձակապես փակ թեմա է եղել:

«Մենք գիտեինք, թե հայերն էին թուրքերին սպանել, իսկ այսօր արդեն լայն քննարկվում է հակառակ տեսակետը, ինչը Հրանտ Դինքն էր շրջանառում և ինչի պատճառով էլ փորձանքի մեջ ընկավ»,– ասաց նա:

«Պատմաբաններից մի մասը կասկածի տակ է դնում, թե՝ արդյո՞ք, կատարվածը կարելի է ցեղասպանություն որակել, մի մասն էլ ասում է՝ կատարվածը ցեղասպանություն է եղել»,- ասաց նա և հավելեց, որ այս հարցում, հատկապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացել է, ինչը պետության վրա ներազդելու կարևոր հանգամանք է:

Թուրք բանախոս Մենսուր Աքգյունը նշեց, որ ներկայիս զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ, գուցե շատ շուտով, ապրիլի 24-ին՝ Թուրքիան նույնպես կհայտարարի, որ կիսում է հայերի ցավը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ մինչ այս միջոցառումը հայկական և թուրքական լրատվամիջոցների խումբը երկու ամիս շրջել է Թուրքիայի և Հայաստանի մի շարք վայրերում:

Նա կարևորեց՝ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան կատարելիք այցի նախաշեմին նման միջոցառման կազմակերպումը, քանի որ, ըստ Տեր-Գաբրիելյանի, այդ կերպ Հիլարի Քլինթոնը կտեղեկանա, որ չնայած Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դիվանագիտական առումով, սառեցված են, բայց մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվում:

«Բոլորին հայտնի է, որ այս հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածությունը մեծ է, իսկ Քլինթոնը տեղեկանալով այսպիսի ակտիվ, բազմաքանակ միջոցառումների վերաբերյալ, կշարունակի աջակցել այս գործին»,- ասաց Գևորգ Տեր–Գաբրիելյանը:

Advertisements
%d bloggers like this: