ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կարեւորել է Անիի կամուրջը (ֆոտո)

News.m

ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) աջակցությամբ «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) կողմից իրականացվող հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայության վերջին օրը տեղի ունեցավ հանդիպում Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։

Հանդիպմանը ԱՄՆ դեսպանը լսեց 14 օր տեւած ավտոբուսային շրջագայության հայ եւ թուրք մասնակիցների տպավորությունների մասին, պատասխանեց նրանց հարցերին։  ԱՄՆ դեսպանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարեւորում է երկու երկրների լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները՝ նշելով, որ սահմանի բացումը կարեւոր է, սակայն միակողմանի դա հնարավոր չէ։ «Այս գործընթացում լրագրողների դերը շատ կարեւոր է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս սահմանների բացմանը։ Պետք է քննարկել, թե այսուհետ ինչեր պետք է արվի»,-նշեց դեսպանը՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը սահմանների բացման համար ամեն ինչ արել է եւ շարունակելու է անել։

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին եւ Թուրքիայի կողմից դրանց վավերացման համար Ղարաբաղի խնդրի լուծումը որպես նախապայման ներկայացնելուն, Ջոն Հեֆերնը նշեց, թե ընդունելի չէ՝ Ղարաբաղի խնդիրը նախապայման առաջ քաշել, քանի որ այդ հարցով շարունակում է զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ կազմված ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից։

Թուրք լրագրողներն իրենց տպավորությունները կիսվելու ընթացքում եւս կարեւորեցին սահմանների բացումը։  Todays Zaman-ի թղթակիցը կողմ արտահայտվելով սահմանների բացմանը՝ նշեց, որ սահմանների բացման խնդրի հետ կապված ավտոբուսային շրջագայության մասնակիցներից «Ամերիկայի ձայն»-ի եւ NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույց է պատրաստել, որն արդեն տպվել է թերթում եւ տեղադրված է կայքում։

Շրջագայության մեկ այլ մասնակից, Vatan պարբերականի լրագրողը նշեց, որ իրեն եւ իր ընկերներին զարմացրեց այն հանգամանքը, որ հայկական Անի քաղաքի ավերակներում գտնվող հայկական շինությունների մոտ տեղադրված ցուցանակներում բացակայում է «հայ» բառը։  ԱՄՆ դեսպանը նշեց, որ ինքը պատրաստ է Vatan-ի լրագրողին ծանոթացնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ՝ ընդգրկվելու համար կամավորների այն անձանց ցանկում, ովքեր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարից կպահանջեն Անիի ցուցանակներում ավելացնել «հայ» բառը։  Դեսպանը ավելացրեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հոսող Ախուրյան գետի վրա գտնվող Անիի պատմական կամուրջի վերանորոգումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մեջ կարեւոր դեր կարող է ստանձնել։

Հանդիպման ավարտին «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Նունե Սարգսյանը դեսպան Հեֆերնին հանձնեց «Մեդիա երկխոսություն. Հայաստան-Թուրքիա» գիրքը, որտեղ ներկայացված են նաեւ նախորդ տարի իրականացված ավտոբուսային շրջագայության մասնակից հայ եւ թուրք լրագրողների հրապարակումները։

Advertisements
%d bloggers like this: