Կոնֆերանս. 1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը

Aysor.am

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծիը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում:

«Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ: Մայիսի 17-20-ը, 2012 Ստամբուլի SALT Galata Մշակութային կենտրոնը հյուրընկալել է այս նախագծի թուրքական հատվածը: Նախագծի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին՝ տեղեկանալու երկու երկրներում՝ հանրային գիտակցությունը ձևավորորղ գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարները առ այսօր ուղղորդում են այդ հասարակությունների զարգացումը։ Ընտրված ֆիլմերը դարձել են երկու հասարակությունների ինքնության խորհրդանիշներ. դրանք հիշվում են, անընդհատ ցուցադրվում, մեջբերվում, քննարկվում, ուսումնասիրվում, իսկ դրանցում հնչող արտահայտությունները կամ դրվագները դարձել են թևավոր խոսքեր, որոնք ինքնության ուղերձներ են այսօր հասցնում այս հասարակությունների լայն շերտերին:

«Քաղցր վարանմունք / քաղցր 60-ականներ» նախաձեռնությունը մասն է ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներ» միջազգային հետազոտական ծրագրի, որը ժամանակակից արվեստի և տեսության դիտանկյունից ուսումնասիրում է 1960-ականների անհայտ, անտեսված, կամ թաքնված համատեքստերը և տարածքները, որոնք դուրս են մնացել «ռոմանտիկ հեղափոխական ժամանաշրջանի» մեծ պատումից:

«Քաղցր վարանմունք /Քաղցր վաթսունականներ» նախագիծը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Ծրագրին մասնակցում են մի շարք գործընկերներ Թուրքիայից, այդ թվում Համաշխարհային քաղաքական միտումների ուսումնասիրության կենտրոնը, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը, «Անադոլու քուլթուր» կազմակերպությունը, ԳԱՅԱ հետազոտական ինստիտուտը, Իզմիրի տնտեսական համալսարանի Լրատվամիջոցների և հաղորդակցության ֆակուլտետը, «Թոփլում գոնուլլուլերի» հիմնադրամը և Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը։

Advertisements
%d bloggers like this: