Թուրքիայում կայացել է հայ եւ թուրք գործարարների հերթական հանդիպում-քննարկումը(վիդեո)

Yerkirmedia.am
Հայ-թուրքական արձանագրություններից առաջ եւ հետո սահմանի բացման հարցի շուրջ երկու երկրների հասարակությունների միջեւ քննարկումները բազմաթիվ են: Մեկ հանդիպում են մշակույթի գործիչներ, հետո՝ գործարարներ, որոշակի պայմանավորվածություններ մշակում, բայց դրանք սովորաբար չեն իրականանում, քանի որ պետական մակարդակով հարաբերությունները բացակայում են:
Նման մի հանդիպում էլ կազմակերպվել էր օրերս, այս անգամ` Կարսում` հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում, որի նախորդ երկու հանդիպումներն անցկացվել էին Երեւանում: Հայաստանից ծրագիրն իրականացնում է 4 կառույց՝ “Արդյունաբերողների եւ գործարարների միությունը”, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, “Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը” եւ Երեւանի մամուլի ակումբը:

Թեեւ Թուրքիայի հետ մեր ցամաքային սահմանը փակ է, սակայն միեւնույն է` երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառություն է իրականացվում` Վրաստանի միջոցով` տարեկան 500 միլիոն դոլարի սահմաններում: Այդ ապրանքը թեեւ գալիս է Հայաստան, սակայն հաշվվում է որպես Թուրքիայից Վրաստան մտած ապրանք, ուստի Թուրքիան Հայաստանի հետ առեւտրաշրջանառության 0 թիվ է նշում` պաշտոնապես:

Հայաստանից Թուրքիա ամեն տարի արտահանվում է ընդամենը մեկ միլիոն դոլարի ապրանք: Գործարարները հաշվել են, որ եթե սահմանները բացվեն, նշված 500 միլիոնը կդառնա 2,5-3 միլիարդ դոլար: Իրականացվում են նաեւ Երեւանից Ստամբուլ եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր, հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, Հայաստանում կա ավելի քան 40 ձեռնարկություն, որոնք աշխատում են թուրքական կապիտալով: Այս դեպքում գործարարները հարցնում են, թե ինչո՞ւ է սահմանը փակ:

“Դիվանագիտության մեջ կա երկու գիծ` պետություն եւ հասարակություն: Մենք երկրորդն ենք: 1993 թվականից հետո, երբ սահմանները փակվեցին, երկրորդ գիծը միշտ աշխատել է, հասարակական կառույցները միշտ աշխատել են եւ եղել ակտիվ: Այսինքն, շատ ավելի առաջ են, քան առաջին գիծը: Մի օր մենք արթնացանք եւ տեսանք, որ բավականին առաջ արդեն արձանագրություններ են ստորագրել: Սակայն նրանք այնտեղ կանգնեցին, քանի որ հասարակությունը փաստացի այդ ամենից հետ էր մնացել, բնավ առաջ չէր: Սա ցույց է տալիս, որ առանց մեզ պետությունը շատ բան չի կարող անել”,- ասաց գործարար Արթուր Ղազարյանը։

“Մեր կարծիքով շատ կարեւոր է, որ երկու երկրների առեւտրական հրաբերությունները շարունակվեն, եւ դա պետք է լինի բաց սահմանների միջոցով: Քանի դեռ սահմանները փակ են, չի կարող լինել բարեկամություն, մարդիկ չեն շփվի, չեն ճանաչի: Սահմաները փակ լինեն, թե բաց, մենք չենք կանգնելու եւ շարունակելու ենք մեր ճանապարհը”,- նշեց Ալիջան Ալի Բեյօղլուն։

Հայ-թուրքական տնտեսկան կապերի վերաբերյալ իրականացվել է վերլուծություն, որին մասնակցել է 265 ձեռնարկություն, 165-ը՝ Հայաստանից: Հիմնական նպատակն առկա եւ հնարավոր համագործակցության պատկերի բացահայտումն է: Ուսումնասիրության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը, շինարարությունը, շինարարական ճարտարագիտությունը, շինանյութերը, զբոսաշրջությունը, ՏՏ-ն, թեթեւ արդյունաբերությունը եւ տրանսպորտը:

Այս քննարկումն ընդամենը գործարարների շփում էր, որը հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա: Եթե պետական մակարդակով չկան հարաբերություններ, միջին կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, հասկանալիորեն, չեն կարող լուրջ արդյունք ունենալ: Հայկական շուկան շարունակում է լցվել Վրաստանի տարածքով մեր երկիր հասնող թուրքական ապրանքներով, իսկ քանի որ հայկական բեռնատար մեքենաների մուտքը Թուրքիա արգելված է, արտահանման ծավալները շարունակում են մնալ մեկ միլիոն դոլարից չնչին ավել` ալյումին եւ ալյումինե իրերի, մորթիների ու կաշիների, ասեղնագործ կտորների տեսքով: Համատեղ ձեռնարկատիրական գործունեությունը եւս գնալով պակասում` 2011-ին եղել է 69-ը` 2010-ի 86-ի փոխարեն:

Ի դեպ, համագործակցության հիմական խոչընդոտ թուրք եւ հայ գործարարները տեսնում են քաղաքական, ապա պատմական կամ էթնիկ եւ օրենսդրական հարցերը:

Advertisements
%d bloggers like this: