Երբ ֆիլմերը բացում են փակ սահմանները

HHpress.am

Մեկնարկեց Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են։ Վերջին տարիներին կինոն կարծես թե ապացուցել է, որ կարող է հզոր գործիք լինել քանդելու երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ առկա պատերը։
2008 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի (Հայաստան) եւ «Անադոլու Քուլթուրի» (Թուրքիա) շնորհիվ ստեղծված Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը նպատակ ունի ստեղծելու մի ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները կկարողանան համագործակցել միմյանց հետ։


Եվ ահա, «Ոսկե ծիրան» 9—րդ կինոփառատոնի շրջանակներում երեկ մեկնարկեց Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը (ՀԹԿՊ), որին մասնակցում են 10 կինոգործիչներ Հայաստանից եւ Թուրքիայից։ Եռօրյա սեմինարը, որը կտեւի մինչեւ հուլիսի 11—ը, ներառում է գործնական աշխատանքներ, անհատական հանդիպումներ հայ եւ թուրք կինոգործիչների միջեւ եւ նախագծերի ներկայացում ՀԹԿՊ ժյուրիի անդամներին։
Այս տարվա համար ներկայացված 25 հայտերից նախընտրական կոմիտեն ընտրել է 10 նախագիծ՝ հինգական յուրաքանչյուր երկրից։ Դրանք են՝ Դերյա Դուրմազի «Ծիածան», Զեյնալ Քոչի «Լուռ շիրիմներ», Աշոտ Մկրտչյանի «Սալեմ Աբդուլ—Քարեմ», Գագիկ Հարությունյանի «Մի կյանք, մի սեր», Գագիկ Ղազարեի «Իմ ու քո կիրակին», Օզլեմ Սարըյըլդըզի «Մանուկի ճամփորդությունը», Էլդար Բիլիչիի «Մանուկին փնտրելով», Սյուզան Քալայչի «Ասելիք ունեք», Արսեն Առաքելյանի «Երկխոսություն», Մարիամ Օհանյանի «Հին սոսու ճյուղը»։
Ժյուրիի կազմում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մրցանակակիր ռեժիսոր Էրիկ Նազարյանը, «Անադոլու Քուլթուրի» ղեկավար Ճիգդեմ Մաթերը, ռեժիսոր, պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլան եւ դանիացի վաստակավոր վավերագրող, եվրոպական վավերագրական ցանցի ղեկավար Միքայել Օպստրուպը։ Լավագույն նախագիծը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից կստանա 10 հազար դոլար՝ այն իրականացնելու եւ զարգացնելու համար։
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմն իր համար «Ոսկե ծիրանի» ամենասիրված ծրագիրն է, քանի որ այն «ամենաբարին եւ ընկերասերն» է։ Նրա խոսքով՝ թեեւ նա այնքան միամիտ չէ, կարծելու համար, թե աշխարհում խնդիրներ չկան, սակայն համոզված է, որ ծրագրի շրջանակներում նկարահանվող ֆիլմերը մեծ դռներ են բացում։ Չիգդեմ Մաթերն (Թուրքիա) ուրախալի է համարում արդեն 10—րդ հայ եւ թուրք կինոգործիչների հանդիպման փաստը, քանի որ հանդիպումների եւ շփումների արդյունքում ծնվում են համատեղ ֆիլմեր։ Ըստ նրա՝ թեեւ քաղաքականությունն ազդում է կինոպլատֆորմի աշխատանքների վրա, բայց իրենք փորձում են չկենտրոնանալ դրա վրա եւ առաջ ընթանալ։
Պատմական արդարության ինստիտուտի ներկայացուցիչ Քեթրին Սիսե վան դեն Մոյիսենբերգն ուրախությամբ փաստեց, որ Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը միմյանց հասկանալու լավագույն օրինակը կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ։ Եթե նախկինում քաղաքակիրթ հասարակություն կառուցելու համար ամբողջ պատասխանատվությունը դրվում էր պետությունների վրա, ապա այսօր արդեն մեծ դեր են խաղում անձերն ու քաղաքացիական հասարակությունը։ Պատմական արդարության ինստիտուտի ներկայացուցիչը համոզված է, որ ֆիլմերն առավել ցայտուն ի ցույց են դնում այն ամենը, ինչի մասին շատերը լռում են։
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում հուլիսի 12—ին կկայանա Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի պրեմիերան։ Ներկայումս հետարտադրական փուլում են երեք՝ Լուսին Դինքի եւ Սոներ Ալփերի «Հոյակապ է, հրաշալի. Ամերիկայից Բիթլիս», Արթուր Բախտամյանի «Ճանապարհորդություն նոր տարվա նախօրեին», Ադրինե Գրիգորյանի եւ Վահե Օհանյանի «Հետ դեպի Գյուրյուն» ֆիլմերը, որոնք եւս մեկ ֆիլմի հետ նախատեսվում է հանրությանը ներկայացնել հաջորդ տարի։ Ի դեպ, 2005 թվականից սկսած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ցուցադրվել է ավելի քան 50 ֆիլմ Թուրքիայից։
Անցած երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ—ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ—ն՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ—թուրքական հարաբերությունների կարգավորմանը» ծրագրով, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Երեւան մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ մի շարք հիմնական գործընկերներ Թուրքիայում։

Լ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Advertisements
%d bloggers like this: