Ի՞նչ են փնտրում հարցվածները ինտերնետում և հեռուստաեթերում

Hetq.am

Սոնա Ավագյան

Այսօր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանը ներկայացրեց «Լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքների և նախընտրությունների հետազոտություն – 2011»-ի արդյունքները:

Հետազոտության նպատակն է պարզել, թե որ լրատվամիջոցներն է նախընտրում հանրությունը, որքանով է վստահում դրանց, ինչ է ակնկալում լրատվամիջոցների նյութերից, ինչ պատկերացումներ ունի լրատվամիջոցների ազատության ու գրաքննության և շատ այլ հացերի վերաբերյալ:

Հետազոտությունն իրականացվել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի բոլոր մարզերի 1420 չափահաս բնակչի շրջանում, 90 հարց պարունակող հարցաթերթով, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:

Այս հետազոտության մեջ, բացի վերոնշյալ հարցումներից, օգտագործվել են նաև այլ տեսակի, հավելյալ ուսումնասիրություններ` 8 ֆոկուս խմբի շրջանում քննարկումների և հարցազրույցների արդյունքում ստացված որակական տվյալներ, մոտ 30 անանուն հարցազրույց ԶԼՄ-ում աշխատող մասնագետների հետ, Երևանի մամուլի ակումբի մոնիտորինգը` նույն ոլորտի վերաբերյալ:

Հետազոտությունն իրականացրել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագիր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստանը, Ինտերնյուս ցանցը (ԱՄՆ), Լրատվամիջոցներին աջակցության Ինտերնյուս ՀԿ-ն և Երևանի մամուլի ակումբը` ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ գործարկված համատեղ ծրագրի շրջանակներում:

Ըստ հետազոտության արդյունքների` վերջին 12 ամսում միայն հեռուստացույց է դիտել հարցվածների 76 %-ը, և հեռուստացույց է դիտել, և ռադիո է ունկնդրել 23 %-ը: Միայն 1 %-ն է, ոչ հեռուստացույց է դիտել, ոչ էլ ռադիո է ունկնդրել:

Հարցվածների 98 %-ի համար հասանելի է «Հ1» հեռուստաալիքը, 92 %-ի համար` «Հ2»-ը, «Արմենիա»` 90 %, «Շանթ»` 87 %, «РТР Планета»` 84 %, «ОРТ»` 75 %, «ԱԼՄ»` 73 %, «Երկիր մեդիա»` 59 %, «Շողակաթ»` 52 % և այլն:

«Ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը» հարցի պատասխանները հետևյալն են. հեռուստատեսություն` 90 %, ինտերնետ` 7 %, ռադիո` 2 %, թերթեր` 1 %, հարևաններ, ընկերներ, բարեկամներ` 1 %:

Ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին տեղեկանալու համար հարցվածների 87 %-ն ամեն օր օգտվում է հայկական հեռուստաալիքներից, 51 %-ը` ռուսական հեռուստաալիքներից, 9 %-ը` առցանց հրապարակումներից, իսկ ամենից փոքր թվով հարցվածներ` 5 %-ը` թերթերից:

Ամենամեծ թվով հարցվածներ` 45 %, դիտում են լուրեր` մեկնաբանություններով, 42 %-ը` գեղարվեստական ֆիլմեր, 40 %-ը` երաժշտություն, 37 %-ը` սերիալներ, 22 %-ը` սպորտ, 19 %-ը` ճանաչողական ծրագրեր, 17 %-ը` ժամանցային հաղորդումներ և այլն:

«Ձեր կարծիքով, ո՞րն է ոչ օբյեկտիվ լուսաբանման գլխավոր պատճառը» հարցին ստացվել են հետևյալ պատասխանները. քաղաքական որևէ ուժի հետ կապվածությունը` 63 %, գրաքննությունը` 8 %, գործարար շրջանակների հետ կապվածությունը` 6 % և այլն:

Հարցվածների 32 %-ը կարծում է, որ տեղական ռադիոկայանները բնավ անկախ չեն կառավարության և/կամ գործարար ոլորտի վերահսկողությունից, 30 %-ը նման կարծիք ունի տեղական թերթերի մասին, 28-ական %-ը` համազգային թերթերի և տեղական հեռուստաալիքների, 29-ական %-ը` համազգային ռադիոկայանների և համազգային հեռուստաալիքների մասին:

Հարցվածների 43 %-ը հայկական ալիքներով ամենից շատ կուզենար տեսնել գեղարվեստական ֆիլմեր, 33 %-ը` ճանաչողական հաղորդումներ, 30 %-ը` երաժշտություն, 27 %-ը` լուրեր մեկնաբանություններով, 21 %-ը` ժամանցային հաղորդումներ, 19 %-ը` սպորտ, 18 %-ը` սերիալներ:

Վերջին 12 ամսում ինտերնետից օգտվել է Երևանում հարցվածների 43 %-ը, այլ քաղաքներում հարցվածների 33 %-ը, գյուղերում հարցվածների 13 %-ը:

Հարցվածների 65 %-ը համացանցում լինելիս այցելում է սոցիալական կայքեր (Odnoklassniki, Facebook, Twitter և այլն), 48 %-ն օգտվում է որոնողական համակարգերից (Google, Yahoo), 39 %-ը զբաղվում է անմիջական հեռահաղորդակցմամբ (Skype, ICQ, MSN և այլն), 36 %-ը կարդում է առցանց նորություններ, 32 %-ը դիտում է հոլովակներ (YouTube, RuTube ,Vimeo), 30 %-ն ուղարկում/ստանում է էլեկտրոնային նամակներ, 25 %-ն ինտերնետն օգտագործում է աշխատանքի համար, 24%-ը խաղեր է խաղում և այլն:

«Ամենից շատ ո՞ր սոցիալական կայքից եք օգտվում» հարցին ստացվել են հետևյալ պատասխանները. Օդնոկլասնիկի/Одноклассники` 80 %, Ֆեյսբուք/ Facebook` 15 %, այլ` 3 %, Մոյ միր/ Мой мир` 2 %:

Հարցվածների 83 %-ը սոցիալական կայքը չի օգտագործում քաղաքական կամ սոցիալական բնույթի նորություններ հաղորդելու համար, իսկ 8 %-ն օգտագործում է:

Հարցվածների 79 %-ը համացանցում դիտում է երաժշտական բնույթի նյութեր, 53 %-ը` զվարճալի տեսանյութեր, 52 %-ը` ֆիլմեր, 16 %-ը` սպորտ, 12 %-ը` լրատվական հաղորդումներ, 9 %-ը` քաղաքական բովանդակություն ունեցող տեսանյութեր, 5 %-ը` սոցիալական բովանդակություն ունեցող տեսանյութեր:

Ինտերնետից օգտվողների 96 %-ը երբևէ քաղաքական կամ սոցիալական բնույթի մեկնաբանություն չի արել և զետեղել լրատվական կայքերում, բլոգներում, ՅուԹուբում և այլն:

Հարցվածների 19 %-ին առհասարակ չի մտահոգում համացանցում իր տվյալների ու նյութերի գաղտնիության խնդիրը, 21 %-ին ավելի շուտ չի մտահոգում, 25 %-ին ավելի շուտ մտահոգում է, 35 %-ին շատ է մտահոգում:

Advertisements
%d bloggers like this: