Հնարավորության դեպքում այլ վայր մշտական բնակության կմեկնեին հարցված հայերի 25 %-ը

Mediamax.am

English version

Երեւան: Մեդիամաքս: Երկրի նախագահի նկատմամբ ունեցած վստահությունը 1-5 բալանոց սանդղակով Ադրբեջանում գնահատվել է 4.4, Վրաստանում 3.7, իսկ Հայաստանում` 2.8:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանում իրականացվող ամենամյա հետազոտության արդյունքները:


Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ է զարգանում իրենց երկրի քաղաքականությունը, Հայաստանում դրական պատասխան է տվել հարցվածների 14, Ադրբեջանում 32 եւ Վրաստանում 47%-ը: Երկրի նախագահի նկատմամբ ունեցած վստահությունը 1-5 բալանոց սանդղակով Ադրբեջանում գնահատվել է 4.4, Վրաստանում 3.7, իսկ Հայաստանում 2.8:
Ըստ ստացված արդյունքների, Հայաստանում հարցվածները որպես հուզող խնդիր առավել հաճախ նշել են գործազրկությունը`44% եւ աղքատությունը 16%, Ադրբեջանում գերակա են համարել տարածքային ամբողջականությունը`31% եւ հետո միայն գործազրկությունը`28%, Վրաստանում գործազրկությունը մատնանշել են հարցվածների 55%-ը:
Վերջին 12 ամիսների ընթացքում տարածաշրջանային երկրներում պետական հաստատություններին կաշառք են տվել Հայաստանում հարցվածների 6 %, իսկ Ադրբեջանում` 27%-ը, իսկ Վրաստանում հարցվածներն ասել են, որ կաշառք չեն տվել:

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր ասել է, որ միգրացիոն տրամադրություններն առավել ընդգծված են Հայաստանում. հնարավորության դեպքում այլ վայր մշտական բնակության կմեկնեին հարցված հայերի 25, ադրբեջանցիների`16 եւ վրացիների`11%-ը:

ԴՈՍՅԵ Հետազոտության մասին
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՀՌԿԿ կենտրոններն իրականացնում են տարածաշրջանի մասին ամենամյա տվյալների հավաքագրումը 2004թ.-ից ի վեր: Այս հետազոտությունն անցկացվել է 2011թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում: Հայաստանի ողջ տարածքում դեմ առ դեմ հարցազրույցների 2011թ. մասնակցել են 2300 տնային տնտեսությունների չափահաս անդամներ: Հիմնական հարցաթերթը պարունակում է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ մոտ 100 հարց:
Հետազոտության հավաքագրված տվյալների բազան, հարցաթերթը, մեթոդաբանության մանրամասները հասանելի են ՀՌԿԿ-Հայաստանի կայքում` http://www.crrc.am/index.php/lo/14/164 :

Advertisements
%d bloggers like this: