Հայերն ու ադրբեջանցիները՝ Ղարաբաղի, արտագաղթի մասին

A1plus.am

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր  ներկայացրել է  2011 թվականի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության որոշ արդյունքներ:

2011թ. հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ հարավկովկասյան երկրներում հանրությանը շարունակել են առավել հուզել տնտեսական խնդիրները. Հայաստանում հարցվածները, որպես ամենակարևոր խնդիր, առավել հաճախ նշել են գործազրկությունը (44%` 2009թ. 32%-ի դիմաց) և աղքատությունը (16%` 2009թ. 12%-ի դիմաց): Ադրբեջանում հարցվածները գերակա են համարել տարածքային ամբողջականության (31%` 2010թ. 53%-ի դիմաց) և հետո միայն գործազրկության (28%) հիմնախնդիրները: Վրաստանում գործազրկությունը մատնանշել են պատասխանողների 55%-ը, իսկ տարածքային ամբողջականությունը` 12%-ը:

Հարավկովկասյան երկրներում ընդգծված են մնում միգրացիոն տրամադրությունները. հնարավորության դեպքում այլ վայրում մշտապես բնակվելու կմեկնեին Հայաստանում հարցվածների 25, ադրբեջանցիների` 16 և վրաստանցիների` 11%-ը: Ժամանակավորապես մեկնելու հնարավորությունը կօգտագործեին հայաստանցիների 57, ադրբեջանցիների` 47 և վրաստանցիների` 45%-ը:

2011թ. հարցաթերթում միայն Հայաստանում և Ադրբեջանում հղված հարցաշարով բացահայտվել է նաև հանրության կարծիքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին: Այն հարցին, թե երբ կլուծվի ԼՂ խնդիրը, “երբեք” կամ “չգիտեմ” են պատասխանել Հայաստանում հարցվածների 62, իսկ Ադրբեջանում հարցվածների 44%-ը:

Միաժամանակ, Հայաստանում հարցվածների 62%-ը շատ հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարել խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով: Այդ կարծիքը կիսել են Ադրբեջանում հարցվածների 52%-ը, մինչդեռ 42%-ը հավանական են համարել խնդրի լուծումը պատերազմի միջոցով:

Տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների թնջուկի համատեքստում, թերևս դրական կարող է համարվել այն փաստը, որ կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը Հայաստանում և Ադրբեջանում գնահատվել է հավասար` 5.1 բալ (10 բալանոց սանդղակով): Վրաստանում այն ավելի բարձր` 5.6 բալ է եղել: Հետաքրքիր է, որ երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ, Ադրբեջանում` 6.1, իսկ Վրաստանում` 6.9 բալ: Հայաստանում երջանկության ամենացածր մակարդակը` 4.8 բալ, գրանցվել է ամուսնալուծվածների շրջանում:

Այս մասին հայտնում է ՀՌԿԿ հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը։

Advertisements
%d bloggers like this: