«Մանկապարտեզների մոնիտորինգ» նախագիծը հաղթեց սոցիալական նորարարությունների մրցույթում

Armenpress.am

19:27, 25 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապարտեզներում ստվերային վճարումների բացառման և այնտեղ առկա խնդիրների հայտնաբերմանը նպաստող «Մանկապարտեզների մոնիտորինգ» նախագիծը ժյուրիի ընտրությամբ հաղթեց նոյեմբերի 23-25-ն անցկացված «Մարդամեջ: Reload» սոցիալական նորարարության ճամբարում, իսկ «Արյան դոնորների միասնական վիրտուալ ռեեստր» նախագիծը հաղթող ճանաչվեց «Հանդիսատեսի համակրանք» բաժնում: Ճամբարի մասնակիցների խնդիրն էր ծրագրային փաթեթներ ստեղծելով տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնել կոռուպցիոն խնդիրների լուծմանը: Մրցանակակիրները կստանան 3000-ական ԱՄՆ դոլար` իրենց նախագծերը իրագործելու համար:

Հանդիսատեսի համակրանքին արժանացած թիմի անդամ Զավեն Քոլոյանը «Արմենպրես»-ին ասաց, որ «Արյան դոնորների միասնական ռեեստր» նախագիծը Հայաստանում արյունաբանական ծառայությունների մակարդակը մեկ քայլով կմոտեցնի միջազգային չափորոշիչներին: «Նախագիծը կհեշտացնի պահանջվող արյան հայտնաբերումը և կնպաստի դոնորների կողմից արյուն հանձնելու ժամանակ չարաշահումների կանխարգելմանը»,- նշեց նա:

Ճամբարի ընթացքում ներկայացվեցին համալսարաններում կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարող, պետպատվերի շրջանակում բուժում ստացողների հետ կապված խնդիրների և պետբյուջեի գրպանումների դեմ պայքարի նախագծեր:

Ճամբարն իրականացնում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Advertisements
%d bloggers like this: