Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

Aravot

untitled1«Դպրոցական բլոգը» մի հարթակ է, որտեղ ընդգրկված դպրոցականները քննարկում են իրենց խնդիրները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը:

Նրա համոզմամբ նմանատիպ մրցույթները երեխաներին կօգնեն հասարակության մեջ ներգրավվելուն եւ այդ հասարակության լիիրավ անդամը զգալու գործում.

«Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ.-ին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն եւ այլ թեմաներ: Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթ, որը շատ լայն տարածում է գտել դպրոցականների շրջանում:

Մրցույթը «Ուլիսես» էր կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, որի հայերեն է թարգմանվել նախորդ տարի:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտ Վիտալի Գրիգորյանը գրել է պատմվածք արկածախնդիր տղայի մասին, սակայն վերջը տխուր է՝ տղան մահանում է.

«Գրել եմ ուշ ժամին՝ գիշերը, մուսաս էր եկել: Հերոսս իր արկածախնդրության պատճառով պատմվածքի վերջում մահանում է: Ամբողջ անակնկալը հենց ավարտի ժամանակ էր, քանի որ ընթերցողը երբեք չէր սպասի, որ տղան կմահանա»:

Վիտալին փորձել է ժանրային առումով տարբերվել, դասական եղանակով չի մոտեցել պատմվածքին. «Միջոցառումը ինձ տվեց ստեղծագործելու հնարավորություն եւ շահագրգռեց, որպեսզի նմանատիպ մրցույթներին կրկին մասնակցեմ: Կարծում եմ սրանով ամեն ինչ նոր սկսվում է»:

Գլխավոր մրցանակը 30000 դրամ էր: Կա նաեւ ընթերցողի համակրանք շահած մրցանակը: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: Կար նաեւ «Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

Մրցույթի մասնակիցները հանրապետության տարբեր քաղաքներից էին. Երեւան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջեւան եւ այլն:

«Ուլիսես» պատմվածքի մրցույթի առաջին փուլին մասնակցել են 24 դպրոցականներ՝ նույնպես հանրապետության տարբեր մարզերից: Ստացվել էր 37 պատմվածք:

«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես-2» մրցույթը անցկացվում է նախագիծն իրականացնող խմբի միջոցներով :

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Advertisements
%d bloggers like this: