«PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսում յուրաքանչյուրը կարող է դառնալ կոմիքսի հեղինակ

PanARMENIAN.Net

136121Այսօր Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկում բացվեց «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը: «PanMan առցանց պատկերապատումների ամսագիր» նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին ներկայացնում է PanARMENIAN.Net ը:

Ցուցահանդեսի ընթացքում բաժանվում են բրոշյուրներ, որտեղ ներկայացված են ցուցահանդեսի նմուշները, ինչպես նաև վանդակների բաժանված թղթեր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել կոմիքս:

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել իրենց կոմիքսը մեր կայքում, կարող են թուղթը թողնել այստեղ, կամ սկան անել և ուղարկել մեզ»,-ասաց PanARMENIAN.Net ի հանրային կապերի պատասխանատու և PanMan նախագծի ղեկավար Արփինե Գրիգորյանը:

2012թ. հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում PanMan-ի շաբաթական ծաղրաքաղը անդրադարձել է երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական առավել սուր և քննարկվող թեմաներին: Ծրագիրն իրականացվել է PanARMENIAN.Net –ի և մի խումբ նկարիչների հետ համատեղ: PanMan-ը ձգտել է ստեղծել այլընտրանքային լրատվության աղբյուր` յուրովի մատուցելով առկա սոցիալական խնդիրները և ամենաքննարկվող թեմաները: Նախագիծն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

«Կոմիքսը շատ զարգացած չէ մեր երկրում, և մենք փորձում ենք զարգացնել այս ժանրը` հատկապես խմբագրական կոմիքսները, որոնք շոշափում են ակտուալ թեմաներ»,-հավելեց նախագծի ղեկավարը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 7-ը:

«PanMan» բաժինը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որպեսզի արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորքը» (ԱՄՆ), «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։

Advertisements
%d bloggers like this: