Ինտերվենցիա. Երիտասարդ արվեստագետները փորձում են ճանաչել միմյանց

PanARMENIAN.Net

Հայ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, կներկայացվեն Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: «Ինտերվենցիա» խորագիրը կրող միջոցառումը իրականացվել է cultural.am կայքի նախաձեռնությամբ ու Երիտասարդական բանկի, ինչպես նաև Հայաստանի Գրողների միության և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Երիտասարդ կոմպոզիտոր և միջոցառման մասնակից Հովիկ Սարդարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեկոն նպատակ ունի լայն հասարակությանը, ինչպես նաև միմյանց ներկայացնելու հայ երիտասարդ ստեղծագործողներին: Նրա խոսքով` երաժշտական ստեղծագործությունները կատարելու են այնպիսի երաժիշտներ, որոնք լայն ճանաչում ունեն արտասահմանում և մեծ սիրով համաձայնել են կատարել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երեկոն բաղկացած կլինի երեք մասից, որոնցից առաջինում կցուցադրվեն երիտասարդ նկարիչների աշխատանքներիը (համադրող` Անի Հայկազուն): Կցուցադրվեն Լևոն Ֆլջյանի, Կարեն Բարսեղյանի, Հրաչ Վարդանյանի, Վահագն Գալստյանի, Արմեն Ամիրաղյանի, Սուրեն Սաֆարյանի և Լևոն Աբրահամյանի աշխատանքները: Այնուհետև իրենց ստեղծագործությունները կընթերցեն երիտասարդ գրողներ Արամ Պաչյանը, Հասմիկ Սիմոնյանը, Էդուարդ Հարենցը, Նշան Աբասյանը, Նառա Վարդանյանը, Մանե Գրիգորյանը, Ռուզաննա Ոսկանյանը, Տաթև Չախչախյանը, Կարեն Անտաշյանը, Մերի Մկրտչյանն ու Լիլիթ Կարապետյանը:

Միջոցառման երկրորդ բաժնում կկատարվեն երիտասարդ կոմպոզիտորների նոր վոկալ-գործիքային ստեղծագործությունները` գրված հայ երիտասարդ բանաստեղծների տեքստերով: Կհնչեն Վարդան Հարությունյանի «Կրակոցն» ըստ Հասմիկ Սիմոնյանի` գրված էլեկտրոնայինների համար, Տաթև Ամիրյանի «Երբ դու գնացիր»-ն ըստ Արա Ալոյանի` սոպրանոյի և դաշնամուրի համար, Հովիկ Սարդարյանի «Madrigal»-ն ըստ Ռուզաննա Ոսկանյանի` սոպրանոյի և թավջութակի համար, Արամ Հովհաննիսյանի «Drei instanzen»-ն ըստ Տաթև Չախչախյանի` (մեցցո) սոպրանոյի և դաշնամուրի համար, Արթուր Ավանեսովի 4 երգ «Liederbuch» շարքից ըստ Ա.Ավանեսովի և Նատալյա Մեդվեդևայի` բարիտոնի և դաշնամուրի համար: Կկատարեն Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Տաթևիկ Մովսիսյանը (սոպրանո), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ), Կիմ Սարգսյանը (բարիտոն) և Վարդան Հարությունյանը (էլեկտրոնայիններ):

Advertisements
%d bloggers like this: