Orange-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ԵՎ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

AZG.am

martuniOrange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ու մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված իր ծրագրերի իրականացումը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Ճամբարակ քաղաքներում Orange-ի աջակցությամբ վերջին շաբաթներում բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք թույլ են տալիս այս բնակավայրերի բնակիչներին, առանց տանը համակարգիչ ու ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաեւՙ կրթական ծրագրերի:

«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց եւ ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռեւս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը եւ օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք:», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

Մարտունու համակարգչային սրահը ստեղծվել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ, վերջինիս «Ինֆոտուն» այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման ծրագրի շրջանակներում: Սրահի 5 համակարգիչների, տպիչի եւ Orange Ֆլայբոքս երթուղիչի շնորհիվ համակարգչային սրահում իրականացվում են ոչ միայն համակարգչային ծրագերի, այլ նաեւ բլոգային հարթակների օգտագործման եւ օն-լայն լրագրության դասընթացներ: Սրահի ստեղծման համար Orange-ը տրամադրել է 2 միլիոն դրամ:

Ճամբարակի համակարգչային սրահը ստեղծվել է տեղական «Բերքաշատ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Սրահը նույնպես համալրված է 5 համակարգչով, տպիչով եւ Orange-ի Flybox երթուղիչով, որոնք Ճամբարակի եւ շրջակա գյուղերի բնակիչներին հնարավորություն են տալիս ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.9 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Orange-ի միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում եւ մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի չորս մեծ քաղաքներումՙ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաները հասցնել երկրի բնակչության հնարավորինս մեծ մասին: Հենց այս տրամաբանությամբ է նաեւ ընկերությունն աջակցում մարզերում համակարգչային սրահների ստեղծմանը, որոնց թիվը մարզերում արդեն 15 է:

Advertisements
%d bloggers like this: