Հայաստանցիների 72%-ը չէր ցանկանա ապրել Ստալինի նման առաջնորդ ունեցող երկրում. հարցում

CivilNet.am

Հայաստանում հարցվածների 72%-ը չէր ցանկանա ապրել և աշխատել Իոսիֆ Ստալինի նման առաջնորդ ունեցող երկրում: Այս մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանում իրականացվող «Կովկասյան բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները:

Հատկանշական է, որ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթում այս տարի հարց է ընդգրկվել նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի մասին: Առավել հաճախ կրկնվող պատասխանը, այն հարցին, թե որ բառն է լավագույնս նկարագրում մարդկանց վերաբերմուքը Ստալինի նկատմամբ, Հայաստանում եղել է «անտարբերություն» (25%), Վրաստանում` «հարգանք» (27%), իսկ Ադրբեջանում` «Ես չգիտեմ, թե ով է Ստալինը» (25%): Հայաստանի (55%) և Վրաստանի (68%) բնակչությանը զգալի մասը կարծում է, որ Ստալինը խելամիտ ղեկավար էր, որը ուժ և բարեկեցություն հաստատեց Սովետական Միությունում, բայց թե´ Ադրբեջանում (73%), թե´ Հայաստանում (72%) և թե´ Վրաստանում (63%) բնակչության մեծ մասը չէր ցանկանա ապրել և աշխատել նման առաջնորդ ունեցող երկրում:

Հատկանշական է, որ 2012թ. հարցաշարը համալրվել է նոր հարցերով, որոնք միայն հայաստանցիներին են հասցեագրված: Դրանք վերաբերում են հայ-թուրքական սահմանի բացմանն ու Հայոց ցեղասպանությանը:

Հայաստանում հարցվածների 49%-ը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, իսկ 47%-ը, որ դա կվնասի երկրի անվտանգությանը:

Հայաստանի բնակչության 45%-ը Ցեղասպանության մասին լսել է 8-11 տարեկան հասակում, 31%-ը` մինչև 7 տարեկան դառնալը: Հայաստանի բնակչության գրեթե կեսը` 48%-ը, ասել է, որ իր նախնիները տուժել են Ցեղասպանության ժամանակ:

Հետազոտության համաձայն` նախորդ տարվա համեմատ 10%-ով ավելի շատ մարդիկ են կարծում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ:

Նախորդ տարվա համեմատ 10%-ով աճել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են տարբեր տեսակի բողոքի ակցիաներ կազմակերպել (56%-ից 66%):
Միևնույն ժամանակ` Հայաստանում հարցվածների 70%-ը կարծում է, որ ազատ է ասելու այն, ինչ մտածում է: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 66%, Ադրբեջանում`49%:
Որպես երկրի առջև ծառացած առաջնային խնդիրներ Հայաստանում և Վրաստանում համարում են գործազրկությունը (46% և 51%) և աղքատությունը (16% և 11%), իսկ Ադրբեջանում` չլուծված տարածաշրջանային կոնֆլիկտները`49%:

Հայաստանում բոլոր հաստատություններից ամենաշատը վստահում են իրենց դավանած կրոնի հաստատությանը (մոտ 75%) և բանակին (մոտ 66%), ամենաքիչը` կուսակցություններին, ԱԺ-ին, ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, ոստիկանությանը և այլն: Ադրբեջանում ամենամեծ ցուցանիշն է կազմում վստահությունը երկրի նախագահի նկատմամբ:

Հետազոտությունն անցկացվել է 2012թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6 հազ. տնային տնտեսություններում: Հայաստանի ամբողջ տարածքում դեմ առ դեմ հարցազրույցների 2012թ. մասնակցել է 2384 չափահաս քաղաքացի:

Advertisements
%d bloggers like this: