Քաղաքացիական լրագրողները փոխում են իրականությունը. iRegion ծրագրի ամփոփումը Եղեգնաձորում

Iregion.org

Մարտի 21-ին Եղեգնաձորում ամփոփվեց iRegion ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին միաժամանակ Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի բոլոր քաղաքացիական լրագրողները:

Անցկացվեց բլոգ-էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան լավագույն բլոգ գրառումներին՝ վիզուալիզացված ցուցադրության միջոցով:

 iRegion-ը մեկնարկել է 2012թ. հուլիսին՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում, ապա  շարունակվել է նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում:

 iRegion-ը շոշափելի արդյունքներ է ունեցել: Առողջական խնդիրներ ունեցող մի պատանու մասին գրած քաղաքացիական լրագրողի նյութն արձագանք է գտել լայն մեդիայում, որի արդյունքում տղային ամանորյա նվեր է մատուցվել. իր երազած նոթբուքը:

Եվրասիա համագործակցության տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ քաղաքացիական լրագրությունը մեր մոտ այնքան է զարգացել, որ պաշտոնական լրատվամիջոցներն այն օգտագործում են որպես աղբյուր: «Երբ մենք տեսնում ենք, թե քաղաքացիական լրագրության շնորհիվ ինչպես են զարգանում քաղաքացիական շարժումները, դա նշան է, որ ինչ-որ բան փոխվում է»,- ասաց նա:

Դիլիջանից Նազելի Պետրոսյանը պատմեց, թե Աղստև գետի աղտոտվածության մասին արած իր գրառումն ինչպիսի լայն արձագանք է գտել Ֆեյսբուքում, որից հետո Օրհուս կենտրոնի տեղական համակարգողից հրավեր է ստացել հանրային քննարկում կազմակերպել՝ ընդգրկելով խնդրին առնչվող բոլոր կողմերին: «Ես տեսնում եմ, որ Երևանում մարդիկ այնքան էլ չեն համակերպվում այն իրականության հետ, ինչին որ նրանց պարտադրում են,- ասաց նա,- Երևանում մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, իսկ մեր մոտ, հեռավոր համայքներում մարդիկ չեն էլ մտածում, որ կարելի է ինչ-որ կերպ հակազդել, նրանք ամեն ինչի հետ համակերպվում են»:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը քաղաքացիական լրագրողներին խրախուսեց շարունակել զբաղվել իրենց գործով, որովհետև նրանք իրենց գրառումներով կարողանում են փոքրիկ, սակայն շոշափելի ազդեցություններ ունենալ իրենց շրջապատի վրա:

«Երբ ձեր գրածների վրա ինչ-որ մեկը ուշադրության է դարձնում և ինչ-որ մի փոքրիկ բան է փոխվում, դա արդեն իսկ շատ լավ է,- ասաց նա,- դուք կարող եք կամաց-կամաց ձեր հոդվածների ու բլոգային նյութերի միջոցով  քայլ առ քայլ փոխել ձեր շրջապատի ու ձեր բարեկամների կյանքը»:

Միջոցառումը բավականին երկար տևեց, որովհետև յուրաքանչյուր մասնակից ցանկանում էր մի փոքր կիսվել այն արդյունքներով, որն արդեն ունեցել էր: Եղեգնաձորցի Սիրան Սարգսյանը պատմեց, որ սկսել է «Երգող տղայի» արձանի համար գումար հավաքելու նախաձեռնություն և խնդրեց բոլորին, որպեսզի ցանկացողները միանան նախաձեռնողների շարքին: Իջևանցիներն էլ ցուցադրեցին իրենց պատրաստած կարճ տեսահոլովակը քաղաքացիական լրագրության  մասին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարական գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերն ասաց, որ բոլոր ներկա քաղացիական լրագրողները ժուռնալիստիկայի ու ժողովրդավարության ապագան են: «Օգտվելով ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից, դուք բարձրաձայնում եք այն մասին, ինչ ուրիշների մտքով էլ է անցնում,- ասաց նա,- դուք պետք է շատ հպարտ լինեք այն ազդեցության համար, որ ունեցել եք և կարող եք ունենալ ապագայում»:

Բոլոր մասնակիցները՝ թվով 33 հոգի, ստացան սերտիֆիկատներ և 4 գիգ ծավալով կրիչներ, իսկ ամեն մարզից ամենաակտիվ քաղլրագրողը՝ նաև 10 000 դրամ պարգև:

Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել են մինչև 93 քաղաքացի, որոնցից մոտ 40-ն ունեն բլոգներ, գրառումներ են կատարում համայնքում կատարվող այս կամ այն իրադարձության, խնդիրների մասին:

Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, ՏԻՄ մարմիններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

iRegion հարթակն ունեցել է մոտ 14000 այցելություն, այնտեղ որպես հեղինակ գրում են 35 ակտիվ քաղաքացիական լրագրողներ:

Advertisements