Մասնագիտական քննարկման կիզակետում էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան

Aravot.am

Մեկնարկեց «Կրոն և հասարակություն»  քննարկումների շարքը

DCIM104MEDIAԱյսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Կրոն և հասարակություն»  քննարկումների շարքը: Առաջին քննարկման թեման էր` «Կրոն և կրթություն»:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը  նշեց, որ ըստ մի շարք հետազոտությունների` Հայաստանում կրթություն-կրոն հարաբերությունը ամենածանր հարցերից է. «Մասնավորապես, շատերը նկատառումներ ունեն այն հանգամանքի շուրջ, թե ինչ կարիք կա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդել, եթե գոյություն ունի «Հայոց պատմություն» առարկան»:

 

Հարցի շուրջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ առարկան դասավանդվում է անմիջապես Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո (դասագրքերի տպագրում, ուսուցիչների վերապատրաստում). «Առարկան շատ լավ է ընդունվել  դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների կողմից, այն մեր եկեղեցու պատմությունն է: Առարկան ճիշտ է դասավանդվում, իսկ ահազանգեր չեն եղել այն հարցի շուրջ, թե ինչու է այն դասավանդվում»:

Կրոնագետ, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է տարբեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ` արձանագրելով որոշակի խնդիրներ. «Տվյալ առարկայի ուսուցիչների ոչ բավարար քանակը հանգեցնում է նրան, որ առարկան դասավանդում են այլ ուսուցիչներ` իրենց ցանկության համաձայն: Այդպիսի խնդիրների, օրինակ, Վանաձորում ենք հանդիպել: Կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչները բողոքում էին, որ առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան»: Կրոնագետը հայտնեց, որ հետազոտություն է կատարում նաեւ դասագրքերի բովանդակության հետ կապված. «Հաջող է, օրինակ, 9-րդ դասարանի դասագիրքը, չնայած փաստերը խիստ հագեցած են, եւ անգամ համալսարանականները կդժվարանային սովորել դրանով: Բացի այս, անհասկանալի է, թե ինչ գործ ունի իսլամը «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում: Այն կարելի է ներկայացնել առանձին` կրոնների պատմության մասին դասագրքում»:

Դասագրքերի բեռնաթափման խնդրի շուրջ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ 2012թ-ին բեռնաթափվել են հիմնական դպրոցի բոլոր առարկաների դասագրքերը:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի կարեւորության  շուրջ Դանիել Երաժիշտը կարծիք հայտնեց, որ ազգը փրկելու եւ պահպանելու համար պարտադիր պայման է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունը. «Յուրաքանչյուր երեխա պետք է իմանա այն` որպես հայ քրիստոնյա»:

Քննարկումները կշարունակվեն նաեւ մարտի 29-ին եւ 30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/28/223562/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

 

Advertisements
%d bloggers like this: