Իշխանյան. «Հայաստանում միակողմանի հակաքարոզչություն է տարվում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»

Aravot.am

DCIM104MEDIAԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն» թեման, իսկ այսօր հյուրերը խոսեցին «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեմայի շուրջ:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ քննարկումը մաս է կազմում հիմնադրամի առավել մեծ նախաձեռնության, որի նպատակն է` նպաստել կրոնական հանդուժողականությանը Հայաստանում. «Ծրագրի շրջանակում երկու հետազոտություն է անցկացվում, որոնցից առաջինը` Երևանի մամուլի ակումբի կողմից: Հետազոտությունը, որը շուտով կհրապարակվի, դիտարկում է, թե ինչպես են ներկայացվում կրոնական փոքրամասնությունները ՀՀ լրատվամիջոցներում: Մյուս հետազոտությունը, որն իրականացրել է ԵՊՀ դասախոսների մի խումբ, ներկայացնում է հասարակության վերաբերմունքը կրոնական հանդուրժողականության հանդեպ»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ 1991թ-ին ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը վաղուց հնացած է. «Օրենքով Հայ առաքելական եկեղեցուն յոթ մենաշնորհ է տրվում, օրինակ` բարեգործությամբ զբաղվելու մենաշնորհը, մինչդեռ դրա իրավունքը չունի անգամ ոչ կրոնական կազմակերպությունը: Այսինքն, օրենքում արդեն իսկ խտրական վերաբերմունք կա: Իրականում Հայաստանում միակողմանի հակաքարոզչություն է տարվում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, որը այնպիսի տերմիններով է արտահայտվում, որոնք վիրավորական տարր են պարունակում, օրինակ` «աղանդ»-ը: Ընդհանուր առմամբ` Հայաստանում խորը խնդիր ունենք` կրոնական այլ կազմակերպությւնների հանդեպ քաղաքական բոլոր ուժերի վերաբերմունքը բացասական է»:

Հիշեցնենք, որ ասուլիսներից մեկի ընթացքում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեկնաբանել էր «աղանդ» եզրույթը` ասելով, որ այն հայհոյանք չէ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց Վահան Իշխանյանի սպասում ֆիլմը: Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ այն պատմում է «Եհովայի վկաների» կազմակերպության անդամ երկու երիտասարդի մասին, ովքեր զինծառայությունից հրաժարվելու «պատճառով» հայտնվել են բանտում: Ֆիլմում հերոսներից մեկը պատմում է, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել` «Եհովայի վկա» լինելու համար:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ամարյանն անդրադարձել էր «Եհովայի վկաների»` զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին եւ կարծիք հայտնել, թե նրանք «սովոր են ծեծվողի դերում լինել»:

Քանի որ կրոնական անհանդուրժողականությանն անդրադարձ կատարած քննարկմանը ներկա չէր Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, հիշեցնենք, որ Aravot.am-ի նախորդ հրապարակումներից մեկում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սիփան աբեղա Գեւորգյանը կարծիք էր հայտնել,  որ Հայաստանում չկա կրոնական անհանդուրժողականություն:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած քննարկումների երրորդ` «Իսլամ եւ քրիստոնեություն» թեմայով հանդիպումը կկայանա վաղը` ժամը 17:00-ին, ՆՓԱԿ-ում: Քննարկման ընթացքում կցուցադրվի «Պարսկական սպագետի» ֆիլմը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224995/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Advertisements
%d bloggers like this: