«Չպետք է զատել հայ առաքելական քրիստոնյային, հայ ավետարանական քրիստոնյային և հայ կաթոլիկ քրիստոնյային…». քննարկում

Crossnews.am

Երեկ՝ մարտի 28-ին, Երևանում մեկնարկեց  «Շփման գիծ․ կրոն և հասարակություն» խորագրով հանրային քննարկումների նախագիծը, որի կազմակերպիչն էր Եվրասիա համագործակցության հիմնադրամը։

Քննարկումները, որոնց նպատակն է խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը, ծավալվեցին «Կրոն և կրթություն» թեմայի շուրջ: «Խղճի և դավանանքի ազատություն», ինչպես նաև «Իսլամ և քրիստոնեություն» բաժինների խնդիրները կարծարծվեն համապատասխանաբար այսօր և վաղը։

Առաջին օրվա բանախոսներն էին՝ Դանիել Երաժիշտը (դիրիժոր, երաժշտագետ), Նարինե Հովհաննիսյանը (Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ), Վիգեն Շիրվանյանը (ԱՅԲ ավագ դպրոցի փոխտնօրեն), Հովհաննես Հովհաննիսյանը (կրոնագետ, ԵՊՀ դասախոս): Իրենց խոսքում նրանք մասնավորապես անդրադարձան մերօրյա դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի և այլ կրոնների ուսուցման անհրաժեշտությանը: Բացի այդ առաջադրվեցին կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության  և կրոնի՝ մշակույթի միջոցով դրսևորվելու մասին մի շարք խնդիրներ: Միջոցառման խոսնակները շեշտադրում կատարեցին նաև այն հարցին, որ չպետք է միմյանցից զատել, առանձնացնել հայ առաքելական քրիստոնյային, հայ ավետարանական քրիստոնյային և հայ կաթոլիկ քրիստոնյային՝ որպես հավաստի օրինակ բերելով այն հանգամանքը, որ ներկայիս դրությամբ հայ ավետարանական քրիստոնյաներն ավելի մեծ աշխատանք են կատարում Թուրքիայում  հայ ազգապահպանության հարցով։

Քննարկումների ավարտին ցուցադրվեց Շողակաթ ստուդիայի «Կոնտրապունկտ» ֆիլմը։

Անի Էլոյան

Advertisements
%d bloggers like this: