Արևելագետ. «Իրանցիների հանդեպ վերաբերմունքը բացասական է հատկապես Նովրուզի օրերին» (Տեսանյութ)

Aravot.am

1Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվում էին  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն»,  իսկ երրորդ հանդիպման ընթացքում` «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեման: Հանդիպումների  այս շարքի վերջին քննարկման թեման էր` «Իսլամ եւ քրիստոնեություն»:

Պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանի փոխանցմամբ` 18-19 դդ. արդի հայության ինքնությունը  կառուցվում էր  իսլամական աշխարհի հետ հակադրության վրա, որը ներկայացվում էր ոչ թե որպես թշնամանք, այլ տարբերություն. «Սահմանը, որով տարբերվում էր հայը «ոչ հայից», քրիստոնեության եւ իսլամի միջեւ սահմանն էր` կրոնական սահմանը: Պատահական չէ, որ իսլամ ընդունած հայերը դադարում էին հայ համարվել: Ինքնությունը կառուցվում էր այն հանգամանքի վրա, որ մենք Մերձավոր արեւելքում քրիստոնեական արժեքների կրող էինք: Հետագայում տարբեր գործոնների ազդեցությամբ իրավիճակը փոխվեց: Երբ ռուսների եւ եվրոպացիների մեջ ես գտնվում,  ավելի պահպանողական ես, այդ պատճառով հակադրվեցինք Արեւմուտքին: Ներկայումս շատ թե քիչ Եվրոպայի «մեջ» ենք, բայց հակառակն է ներկայացվում»:

Արեւելագետ Հայ Քոչարյանի խոսքով. «Իսլամը միայն կրոն չէ, այն նաեւ արժեհամակարգ է եւ ապրելակերպ: Հասարակության կազմակերպման ձեւն իսլամի եւ քրիստոնեության մեջ այլ է: Այն դաշտը, որին մենք ենք պատկանում, մարդակենտրոն է, իսկ հասարակության լավ կառավարման մեխանիզմների մեջ մտած են հիմնական գործիքներ` օրենքի գերակայություն,  մարդու իրավունքներ: Հասարակության կազմակերպման  գործիքները տարբեր են եւ չեն համակերպվում»:

Քաղաքագետ, իրանագետ Սեւակ Սարուխանյանը փաստեց, որ իսլամը բազմաթիվ ճյուղեր ունի. «Դրանց մի մասը որոշակի սպառնալիք են ներկայացնում, բայց դրա պատճառը համայնքների սոցիալ-քաղաքական իրավիճակն է,  ոչ թե  իսլամը»:

Արևելագետ Հայկ Քոչարյանը  նշեց, որ հայերի 90 տոկոսը տեղյակ չէ հարեւան Իրանի մշակութային կյանքից` սկսած երաժշտությունից եւ վերջացրած տոներով. «Եւ դա օբյեկտիվ է, քանի որ 200 տարի է` նրանց հետ չենք ապրում»:  Արևելագետի խոսքով` հայերի վերաբերմունքը իրանցիների հանդեպ ավելի շատ բացասական է, հատկապես` Նովրուզի օրերին. «Ասում են, թե «թուրքեր», «մահմեդականներ» են եկել, «մեր հացն են ուտում,», «երկիրն են աղավաղում»,  «խանութներում գինի եւ գարեջուր չկա» եւ այլն…բայց եթե Հայաստանից գնաս Իրան, ավելի բարձր վերաբերմունք կցուցաբերեն»:

Պատմաբան Հայկակ Արշամյանի դիտարկմամբ. «Շատ տարօրինակ կերպով Իրանը եւ Արաբական աշխարհը հայերին  լավ են ընդունել: Ժամանակին հայ առեւտրականները ունեցել են բավական մեծ արտոնություններ այդ երկրներում, իսկ հայկական համայնքներն էլ պետության հատուկ հոգածության տակ են եղել, նրանց լավ աչքով են նայել»:

Հիշեցնենք, որ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը նպատակ ունի նպաստել Հայաստանում կրոնական հանդուրժողականությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/30/225286/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Advertisements
%d bloggers like this: