Հայաստանում կրոնական հանդուրժողականություն և՛ կա, և՛ չկա

1in.am

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամն» այսօր ամփոփեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ մեկ տարի շարունակ իրականացրած «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները, որի նպատակն է խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականություն՝ հետազոտությունների և հանրային քննարկումների միջոցով:

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե կա՞ Հայաստանում կրոնական հանդուրժողականություն, թե ոչ, ասաց՝ և՛ այո, և՛ ոչ: Նրա խոսքերով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների համեմատությամբ՝ կրոնական հանդուրժողականություն կա, օրենսդրական դաշտը ավելի լավ է կառուցված, քան այլ երկրներում, բայց եթե համեմատենք շատ ավելի առաջադեմ երկրների հետ, ապա կան հարցեր, որոնց լուծման համար պարզապես պետական աջակցություն է պետք:

Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ հետազորությունը լրատվամիջոցներին մտածելու տեղիք կտա, թե ինչպես են իրենք լուսաբանում կրոնական խնդիրները և առհասարակ՝ փոքրամասնություններին վերաբերող հարցերը, թե ինչ տերմինաբանություն են օգնագործում, արդյո՞՚ք ձևակերպումները չեն վիրավորում մարդկանց:

Ծրագրի հիմնական բաղադրիչներից է մամուլի մոնիտորինգը, որն իրականացվել է «Երևանի մամուլի ակումբի» կողմից: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանի լրատվամիջոցների ուսումասիրությունը, որը իրականացվել է 2011-ի երկրոդ կեսից մինչև 2012-ի առաջին կեսի ավարտը: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են տարբեր լրատվամիջոցների 300 օրվա հրապարակումներ, այնտեղից դուրս են բերվել այն հրապարակումները, որտեղ անդրադարձ կա կրոնական հարցերին:

Նա նշեց, որ ընդհանրապես Հայաստանի լրատվամիջոցներում կրոնական թեմաները քաղաքականացվում են, այսինքն՝ տարբեր կրոնական համայնքների ձևավորումը Հայաստանում մեկնաբանվում է ոչ միայն գաղափարական, հոգևոր, բարոյական շրջանակներում, այլ նաև՝ ինչպիսի ազդեցություն է նա թողնում քաղաքական կյանքի, ինչպես նաև պետության զարգացման վրա:

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ 300 օրվա հրապարակումներից կրոնական հարցերին վերաբերող 1000-ից ավելի նյութ է ուսումնասիրվել, որն, ըստ նրա, այնքան էլ մեծ թիվ չէ: 1000-ից 96-ը պարունակել են կարծրատիպեր:

Մոնիտորինգն իրականացնելիս փորձագետների կողմից 42 պնդում է անցկացվել, որոնք երեք հիմնական խմբերի են բաժանվել՝ 1. ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, 2. ինչպիսին է կրոնական այլ համայնքների նկատմամբ վերաբերմունքը, որը լրատվամիջոցներում որպես աղանդ է ներկայացվում, և 3. որ կրոնական ուղղություններ են, որոնք ընդունված է համարել «համաշխարհային» կրոններ:

«Մեր ուսումասիրած նյութերի տասը տոկոսը պարունակում է այս կարծրատիպերից մի քանիսը կամ որևէ մեկը: Առավել շատ են այն պնդումները,որոնք առաջին խմբին են պատկանում, 19 նյութից միայն մեկում կար չեզոք վերաբերմունք այնպիսի պնդման, որ Առաքելական եկեղեցին է պահում ազգը, պետությունը, որ մենք պետք է հպարտ լինենք, որ քրիստոնյա ազգ ենք, և ցանկացած կրոնական տարածում վնասում է հայերի ինքնությանը, անվտանգությանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Advertisements
%d bloggers like this: