Ինչպես լինել հանդուրժող կրոնական, ազգային, սեռական փոքրամասնությունների հանդեպ

Asparez.am

seminar1Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում կազմակերպել էր հանդիպում սեմինար «Մարդու իրավունքները եւ սոցիալական ներգրավվածության խթանումը Հայաստանի համայնքներում» թեմայով: Հանդիպման հիմնական նպատակը թիրախ խմբերի ներգրավվածությունն ապահովելն է հասարակական կյանքին:

-Մեր իրականությունը փոխելու համար, մենք նախեւառաջ պետք է փոխենք ինքներս մեզ,-նշեց Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը:

Հասարկությունն ինքնին անհանդուրժող է, ընդհանուր հասարակական նորմերից եւ որոշակի գործոնների ազդեցությունից տարբերվող մարդիկ շատ հաճախ հասարակության ընդհանուր շրջանակից դուրս են մնում, որոշ մարդկանց խոցելի են դարձնում իրենց իրավունքներին ոչ իրազեկված լինելը: Ազգային, կրոնական, սեռական փոքրամասնությունները իշխող դիրք չունեն եւ թվով զիջում են մեր երկրի հիմնական բնակչությանը, սակայն հասարակական գործերին ակտիվ ներգարվվածություն ապահովելը ոչ մի նախադրյալ չի պահանջում, յուրաքանչյուր ոք ազատ է՝ մարդ ծնվում է ազատ, եւ սեփական իրավունքների սահամանափակումը գալիս է յուրաքանչյուրիցս:

Ծրագրի նպատակն է Երիտասարդական բանկի անդամների փորձն օգտագործելով` սոցիալական խոցելի եւ որեւէ տեսակի փոքրամասնություն (լինի դա կրոնական, ազգային եւ այլ խմբերի ներկայացուցիչներ, կամ` սահմանափակ կարողություններով երիտասարդների) ներկայացնող խմբերի երիտասարդներին օգնել ընդգրկվել կամավորական աշխատանքի եւ քաղաքացիական ակտիվության ծրագրերի մեջ։

-Ուսուցմանն հաջորդում է Երիտասարդական բանկի կողմից կազմակերպվող աշխատանքային հանդիպումը մասնակիցների հետ` աշխատանքային թիմերի ձեւավորման, գաղափարներ առաջարկելու եւ ծրագրերի մշակման նպատակով` ներքին ռեսուրսների հաշվին,-նշեց ծրագրի համակարգող Լուիզա Պետրոսյանը:

-Մենք կարող ենք մեծ խնդիրներ լուծել, երբ կլուծենք փոքր խնդիրները,-ասաց ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Տիգրան Պետրոսյանը:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ սեմինար-քննարկման մասնակիցների տարիքային շրջանակը բավական լայն էր. ներկա էին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսանողներ եւ ուսանողական տարիքից բարձր մարդիկ: «Ի՞նչ է հանդուրժողականությունը», ահա այս հարցին էին փորձում պատասխանել ծրագրի մասնակիցները: Քննարկվեցին մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող տարաբնույթ հարցեր, մասնավորապես այն, թե որքանո՞վ է Հայաստանում պահպանվում մարդու իրավունքները: Ծրագրի շրջանակներում քննարկելիք թեմաներից մեկը նաեւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության թեման էր:

Հաջորդիվ եղան քննարկումներ կամավորության դերի եւ կարեւորության մասին: Ծրագրի մասնակիցները փորձեցին մեկ բառով ներկայացնել եւ առանձնացնել Գյումրու մեկ դրական եւ մեկ բացասական դրսեւորում: Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ի տարբերություն այլ մարզերի, Գյումրիում քաղաքի դրական եւ բացասական դրսեւորումներին վերաբերող հարցումները հիմնականում հիմնված են մարդկային արժեքների եւ վերջիններիս դրսեւորման վրա, ինչը տարբերում է գյումրեցիներին այլ մարզերի բնակիչներից:

Ծրագրի վերջնամասում մասնակիցները՝ բաժանվելով մի քանի թիմերի, փորձեցին նախապես առանձնացված խնդիրներից ընտրելով մեկը՝ մշակել եւ ներկայացնել այդ խնդրի լուծմանը վերաբերող որոշակի մեխանիզմներ:

Էմմա Բաղդասարյան