Արման Սաղաթելյան. Հայաստանում ԶԼՄ-ները գործում են կամ գովազդի, կամ էլ քաղաքականության համար

Aravot.am

Այսօր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Շփման գիծ: Ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար» խորագրով հանրային քննարկում: Բոլոր մասնակիցները նախ կարեւորեցին անաչառ լրատվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ պետք է այնպես արվի, որ հասարակությանը հասանելի դառնան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին բոլոր փաստերն ու կարծիքները:

«ԱրմՌադիոյի» տնօրեն Արման Սաղաթելյանն էլ կարծում է, որ Հայաստանում ԶԼՄ-ները գործում են գովազդի կամ էլ քաղաքականության համար:

«Մեր մամուլը քաղաքականացված է, բայց մենք պետք է աշխատենք փոխել թե լրագրողի եւ թե լրատվամիջոցի դիրքորոշումը»,- ասում է «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը: Ըստ նրա, եթե լրատվամիջոցը հստակ ընտրել է իր ուղղությունը, պարզ է, որ այնտեղ աշխատող լրագրողը ոչինչ չի կարող փոխել:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանն էլ քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում Ադրբեջանի մասին անաչառ լրատվություն չի կարող լինել, չի կարող լինել նաև Ադրբեջանում՝ Հայաստանի մասին: Տեղեկացրեց նաև, որ իր լրագրողներին արգելել է օգտվել ադրբեջանական կայքերից:

Բորիս Նավասարդյանի խոսքով, լրագրողների համար կա ողջամտության սահման, որից այն կողմ անցել չեն կարող: Պարոն Նավասարդյանի համար այդ սահմանը կեղծ տեղեկություն չտարածելն է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ