«Շփման գիծ». Փաստեր, էմոցիաներ. Քննարկում են մասնագետները

Panorama.am

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Բրիտանական դեսպանատան հետ համատեղ սկսել է քննարկումների շարք, որը կրում է «Շփման գիծ» խորագիրը: Ծրագրի նպատակն է բացահայտել, թե ի՞նչ պետք է անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Քննարկման թեման է «Անաչառ լրատվություն. ողջամիտ սահման», այսինքն՝ առնչվում է խնդրի շուրջ կիրառվող լրագրողական հմտություններին ու տեղեկատվությանը։ Քննարկման մասնակիցները լրատվական դաշտի ներկայացուցիչներ են։ Իրենց տեսակետն են ներկայացնում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուսի» ղեկավար Նունե Սարգսյանը, քաղաքագետ, «ԱրմՌադիո»-ի գլխավոր խմբագիր և տնօրեն Արման Սաղաթելյանը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը։

Բորիս Նավասարդյանը նշել է, որ տարածաշրջանում գոյություն ունի ինտեգրացիոն տեղեկատվական տիրույթ։ Այս համատեքստում յուրաքանչյուր հայ լրագրող, որևէ հոդված գրելիս կամ տեղեկատվություն հաղորդելիս, պետք է հասկանա, թե ի՞նչ արձագանքի կարող է արժանանալ իր խոսքը Հայաստանում կամ Ադրբեջանում։

«Տեղեկատվություն սպառելուց մարդիկ պետք է սպառեն փաստերը, ոչ թե էմոցիաները»,- ասաց Բ. Նավասարդյանը։
Բացի այդ, այն տեղեկությունը, որը երկուստեք արտադրվում է, ավելի շատ էմոցիոնալ է, ինչը պրոֆեսիոնալ լրագրության համար լավագույն զարգացումը չէ։ Պետք է այնպես անել, որ լրագրողի գործունեությունը զուրկ լինի նման դրսևորումներից։
Արման Սաղաթելյանը համաձայն է, որ էմոցիան գերակշռում է, սակայն, առաջարկում է տարանջատել լրագրությունն ու լրատվությունը։

Նունե Սարգսյանն էլ նշել է, որ լրագրությունը Հայաստանում առողջ չէ, քանի որ շատերը որոշակի ուղղվածություն ունեն և խնդիր է՝ կարո՞ղ է լրագրողը որևէ բան փոխել։ Նրա կարծիքով՝ չի կարող։ Բայց լրագրողները կարող են նպաստել, որ փոփոխություններ տեղի ունենան։

Գեղամ Մանուկյանը խոսել է այն մասին, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին. «Մի քանի օրից Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցն է: Կարծես նստած՝ Վենեսուելայի մասին ենք խոսում»,- ասաց Գ. Մանուկյանը` նշելով նաև, որ «այս խոսակցությունը կյանքի հետ կապված չէ»: