Հայ եւ թուրք լրագրողները` Գյումրիում

Asparez.am

Հունիսի 1-ին, 14 հայ եւ թուրք լրագրողներ Գյումրիում էին: Նրանք  այցելեցին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ: Ապա ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ, այցելեցին Ավտոկայան թաղամասի տնակներ: Լրագրողները զրուցեցին տնակների բնակիչների հետ, ովքեր իրենց հոգսերով կիսվեցին նրանց հետ:

Ավտոկայանի տնակներից մեկում վարձով ապրող Հերմինե Զաքարյանը կատարյալ տիրապետում էր թուրքերենին եւ հեշտությամբ էր շփվում թուրք լրագրողների հետ: Նրա խոսքերով, թուրքերենը հեռուստատեսության միջոցով է սովորել: Կինը լրագրողներին պատմեց, որ 20 տարուց ավելի է,  իր երեխաներով բնակվում է տնակում, շատ ծանր պայմաններում:

-Աղջիկս հիվանդ է: Համ թոքերը, համ բրոնխները նորմալ վիճակում չեն, արյան սպիտակ գնդիկներն են շատ: ճիշտ է, բուժում ստացել է, բայց ասում են`կրկնվող հիվանդություններ են: Թող գան, տեսնեն,  ինչ խոնավ վիճակում է տնակը գտնվում, ինչ պայմաններում ենք ապրում,-լրագրողներին պատմեց Հ.Զաքարյանը:

Վերջինիս խոսքերով, ինքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էր ձայն տվել, բայց հիմա փոշմանել է, խորհրդարանական ընտրություններին էլ չի մասնակցել, քանի որ ոչ մեկին ընտրելու ցանկություն չի ունեցել:

-Էրեխուս բուժման հարցով գնացել եմ քաղաքապետի մոտ, թիկնապահները չեն թողել իրեն մոտենալ: Ես էլ ասել եմ, դուք ով եք, որ չթողնեք նրան մոտենամ,-վրդովված պատմեց կինը:

Տեսնելով կնոջ եւ իր երեխաների ծանր ապրելակերպը, լրագրողները մի պահ հուզվեցին` հորդորելով կնոջը չկորցնել հույսը ապագայի հանդեպ, քանի որ կյանքում միշտ լինում են դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել:


Ըստ «ԱրմենիաՆաու» լրատվական կայքի լրագրող Գայանե Մկրտչյանի, Հայաստանում եւ Թուրքիայում հայ եւ թուրք լրագրողները տարբեր վայրեր են այցելում: Թուրքիայում լրագրողներն այցելել են Կարս, Անի: Եղել են Վրաստանում, Ախալցխայում, Ստամբուլում` Հայոց պատրիարքարանի նստավայրում, «Ակոս» թերթի խմբագրությունում, այցելել Մալաթիա, որտեղ  թուրքական իշխանությունները խոստացել են վերականգնել անմխիթար վիճակում գտնվող  հայկական եկեղեցին:

Ըստ Գ.Մկրտչյանի, լրագրողներն այցելել են նաեւ Մալաթիայի գերեզմանոց: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչն իրենց ասել է, որ Մալաթիայում 4 հայկական եկեղեցիներից 2-ը խոնավ, քանդված վիճակում են, 1-ը վերածվել է մզկիթի: Մալաթիայից հետո գնացել են Կապադովկիա, Կայսերի (Կեսարիա), որտեղ միակ ապրող հային են հանդիպել: Այստեղի եկեղեցին կանգուն է, բայց հայ համայնք չկա: Մտել են Կայսերիից մի քիչ հեռու գտնվող հայկական գյուղ, որտեղ այժմ ոչ մի հայ չի ապրում, նաեւ Կարսի բերդն են տեսել, եկեղեցին, որը մզկիթի էր վերածվել, այցելել են նաեւ Անիի ավերակներ:

-Երբ թուրք լրագրողի հետ ես անցկացնում հիմնական ժամանակդ, փորձում ես  ճանաչել նրան, նվազեցնել թշնամանքը, որ ունես հարեւան երկրի նկատմամբ,  այլ տեսանկյունից նայել հայ-թուրքական հիմնախնդիրների լուծմանը:  Եթե կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, պետք է այդ երկրների ժողովուրդները շփվեն իրար հետ,-մեզ հետ զրույցում ասաց Գ.Մկրտչյանը:

Ըստ «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» ծրագրի ղեկավար Վարյա Մերուժանյանի, ավտոբուսային շրջագայությունն իրականացվում է Ստամբուլի Քյուլթուր համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոնի» եւ Երեւանի «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ`ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այն կոչվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»:

-Սա 2 տարվա ծրագիր է, որը 2010 թվականի հոկտեմբերին է մեկնարկել եւ այս տարվա սեպտեմբերի 30-ին է ավարտվելու: Ծրագրի հիմնական ուղղություններն են գործարար կապերի ստեղծումը, քաղաքացիական հասարակության շփումների ակտիվացումը, ԶԼՄ-ների միջեւ համագործակցությունը, լրագրողների փոխադարձ այցերը, մշակութային երկխոսության ստեղծումը:

Նշենք, որ հայ, թուրք լրագրողները մինչեւ հունիսի 6-ը ճանապարհորդելու են Հայաստանում, Թուրքիայում եւ Վրաստանում` ծանոթանալով տեղի ժողովուրդների կյանքին, կենցաղին, ապրելակերպին: